ԵՆԲ խումբը 200.000 եվրո է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով
Եվրոպական ներդրումային բանկի (EIB) խումբն իր բարեգործական մասնաճյուղի՝ ԵՆԲ ինստիտուտի միջոցով 200 000 եվրո է փոխանցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նվիրաբերելու 2023 թվականի սեպտեմբերին ռազմական սրացումից հետո Հայաստան տեղահանված Լեռնային Ղարաբաղի երեխաների հոգեկան առողջության և ձմեռային կարիքները հոգալու համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տրամադրված միջոցներով մինչև 26 000 երեխա և նրանց ընտանիքները կստանան օգնություն հոգեբանական աջակցության և հոգեկան առողջության հարցերի համար նախատեսված թեժ գծի միջոցով, կստանան առերես հոգեկան առողջության ու հոգեբանական աջակցություն և վաուչերներ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել ձմռանը:
«Սեպտեմբերի վերջին Հայաստանում ապաստան գտավ ավելի քան 100 000 հազար մարդ, ընդ որում տեղահանված բնակչության մեկ երրորդից ավելին կազմում էին երեխաները: Հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական բարեկեցության մշտական միջամտությունները կարևոր նշանակություն ունեն այս ընտանիքների կյանքը վերականգնելու համար:
ԵՆԲ խմբի նվիրատվության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստեղծի և կգործարկի հոգեբանական թեժ գիծ, որը կսպասարկվի 20 վերապատրաստված խորհրդատուների կողմից երկու տարի ժամկետով: Երեխաները և նրանց խնամողները կարող են ստանալ նաև առերես հոգեբանական աջակցություն՝ խաղային թերապիայի, արտ-թերապիայի և խմբային հանդիպում-խորհրդատվությունների տեսքով: Նվիրատվության շրջանակներում փախստական ընտանիքները կստանան վաուչերներ, որոնք կօգնեն նրանց հոգալ հիմնական կարիքները, քանի որ ձմեռը մոտենում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար, ասել է.
«Մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանում փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, որն աշխատում է տեղում՝ բավարարելու նրանց ամենահրատապ կարիքները: Մեր նվիրատվությունը կօգնի կարիքավոր երեխաներին և նրանց ընտանիքներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով ստանալ նպատակային հոգեբանական աջակցություն, ինչպես նաև օգնություն՝ ձմռան կարիքները հոգալու համար»։
ԵՆԲ ինստիտուտի տնօրեն և դեկան Շիվա Դուստդարն էլ նշել է, որ երեխաներն ամենաշատն են տուժել հակամարտությունից և տեղահանությունից:
«ԵՆԲ ինստիտուտի համար առաջնահերթություն է օգնել նրանց ստանալ աջակցություն և խնամք, որն իրենց անհրաժեշտ է հաստատվելու և ավելի պայծառ ապագա ակնկալելու համար: Այս նվիրատվությունը կօգնի ապահովել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հոգեբանական աջակցության արդյունավետ ծրագիրը հասանելի լինի այն երեխաներին և ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն»,- ասել է նա: