ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին խոսք չկա։

Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղեկացրել է, որ որոշակի հանգամանքների բերումով չի կարողանա մասնակցել Հավաքական անվտանգության խորհրդի աշխատանքներին», – ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Այս պահին Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքը շարունակվում է։ Նրա բազմակողմ շփումները ՀԱՊԿ-ի շրջանակներում շարունակվում են աշխատանքային ռեժիմով»,- հավելել է նա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, որը կայացել է նոյեմբերի 23-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս