Բաժիններ՝

Բրյուսելը հավանություն է տվել Լեհաստանին ԵՄ օգնության առաջին մասնաբաժնի հատկացմանը՝ 5,1 մլրդ դոլարի չափով

Բրյուսելը որոշել է Եվրամիության հիմնադրամներում Լեհաստանի համար նախկինում սառեցված միջոցներից Վարշավային հատկացնել ֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը՝ 5,1 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին հաղորդել է Financial Times պարբերականը։

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին կասեցրել է Լեհաստանին միջոցների հատկացումը՝ Վարշավայի կողմից օրենքի գերակայության սկզբունքը չպահպանելու պատճառով, ինչը կառույցի անդամների միջև բյուջետային ծախսերի բաշխման որոշիչ չափանիշ է։ Խոսքը ԵՄ բյուջեի բոլոր միջոցների մասին է, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակից հետո ԵՄ երկրների վերականգնման հիմնադրամի։

Հրատարակության տվյալներով՝ այս վճարմանը հավանություն է տրվել այն ժամանակ, երբ ակնկալվում է, որ Դոնալդ Տուսկը` Լեհաստանի ամենամեծ ընդդիմադիր դաշինքի՝ «Քաղաքացիական կոալիցիայի» առաջնորդը, շուտով պետք է վերադառնա վարչապետի պաշտոնին։ Տուսկը հոկտեմբերի վերջին Բրյուսելում արդեն բանակցություններ է վարել ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ լեհական միջոցների ապասառեցման շուրջ։

​​ԵՄ-ի` Լեհաստանի համար նախատեսված հիմնադրամների արգելափակման վերացման դեպքում հանրապետությունը կարող է ստանալ մոտ 60 միլիարդ եվրո: Այդ դրամաշնորհների և վարկերի հիմնական մասը կարող է տրամադրվել միայն այն բանից հետո, երբ Վարշավան դադարեցնի դատական ​​բարեփոխումը, որը, Եվրահանձնաժողովի կարծիքով, սահմանափակել է դատավորների անկախությունը:

Այնուամենայնիվ, այս պայմանը չի տարածվում նոյեմբերի 21-ին հաստատված մասնաբաժնի վրա, որը էներգետիկայի և կանաչ տնտեսության անցման հետ կապված վերջին արտակարգ միջոցառումների փաթեթի մի մասն է։ Ծրագրի նպատակն է օգնել ԵՄ 27 երկրներին վերականգնվել էներգետիկ ճգնաժամից, որն առաջացել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս