ԵՊՀ պարզաբանումը՝ Արարատ Միրզոյանի մասին

Դեռևս օրեր առաջ` 2013 թ-ի փետրվարի 27-ին,  իրեն ԵՊՀ դասախոս հայտարարած Արարատ Միրզոյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի ունեցած «դասադուլի» ակցիաների ժամանակ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հետ տեղի ունեցած սադրիչ միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Facebook» սոցիալական ցանցով, որով դժգոհությունն էր արտահայտել կատարվածի վերաբերյալ ու բացատրություններ պահանջել:

Այդ ժամանակ ԵՊՀ ռեկտորատի անդամները չկարողացան մտաբերել Արարատ Միրզոյան անունով ԵՊՀ դասախոսի և երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2002թ. շրջանավարտ, «Այ-էֆ-ի-էս-Հայաստան» կազմակերպության ընտրողների իրազեկման մասնագետ Արարատ Միրզոյանի հետ 2012 թ-ի նոյեմբերին մեկ ամսով կնքվել է աշխատանքային պայմանագիր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում որպես դասախոս ժամավճարային հիմունքներով (հեռակա համակարգում) աշխատելու մասին:

Ըստ պայմանագրի` սահմանվել է ընդամենը 27 լսարանային ժամ աշխատաժամանակ: Այնուհետև ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի` 2012 թ-ի դեկտեմբերի 30-ին 40-ից ավելի ժամավճարով դասավանդողների հետ Ա. Միրզոյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ա. Միրզոյանը որպես դասախոս ընդամենը երկու ամիս է համատեղությամբ աշխատել ԵՊՀ-ում և նրա ամբողջ մանկավարժական ստաժը ԵՊՀ-ում կազմում է երկու ամիս (12 տեսական և 15 գործնական ժամ), այն դեպքում, երբ ներկայումս ասպիրանտների տարեկան մանկավարժական պրակտիկան կազմում է 30-60 ժամ:

Այսպիսով` 2013 թ-ին նա այլևս չի հանդիսացել ԵՊՀ-ում դասավանդող անձ և ԵՊՀ-ի հետ չի ունեցել իրավաքաղաքացիական որևէ հարաբերություն:

Կարդացեք նաև

Երեկ Ա. Միրզոյանը «Facebook» սոցցանցում ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբիոնի կողմից առաջարկվող պայմանագիրը չի հաստատվել և հիմա նա այլևս ԵՊՀ դասախոս չի համարվում: Հարկ է նշել, որ այս հայտարարությունը նույնպես ապատեղեկատվություն է, քանի որ ԵՊՀ ամբիոնները պայմանագրեր չեն առաջարկում: ԵՊՀ-ի կողմից հետևողականորեն տարվում է քաղաքականություն, որի նպատակն է հեռակա համակարգում դասավանդելու համար հնարավորինս ներգրավել ԵՊՀ-ում հիմնական հիմունքներով աշխատող դասախոսներին, և ներկայումս չկա անհրաժեշտություն Ա. Միրզոյանին ժամավճարով համատեղությամբ ներգրավել ուսուցման գործընթացին, քանի որ այդ դասընթացը արվեստաբանության բաժնի հեռակա մագիստրատուրայում վարելու է ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լ. Չուգասզյանը, ով վարում է նույն դասընթացը առկա համակարգում:

Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին: Այս երևույթը նոր կիրառվող տեխնոլոգիա է և ճկուն օգտագործվում է համացանցում ապատեղեկատվություն տարածելու նպատակով` ԵՊՀ ուսանողի կարգավիճակ չունեցող անձինք «դասադուլ» են անում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև, իսկ ԵՊՀ աշխատակցի կամ դասախոսի կարգավիճակ չունեցող անձինք ներկայանում են այդպիսին և քննադատում Մայր բուհին:  Ափսոսանք ենք հայտնում, որ իրենց պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցները տարածում են ապատեղեկատվություն` չփորձելով սկզբնաղբյուրից ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը:

ԵՊՀ

Տեսանյութեր

Լրահոս