ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող Երերույքի տաճարի պահպանության ծրագրի մեկնարկը
Նոյեմբերի 20-ին դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։ Հիմնադրամը հատկացնում է 175․000 ԱՄՆ դոլար կոնսերվացման դրամաշնորհ՝ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։
«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», – ասաց դեսպան Քվինը։
ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։
Ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին մշակութային և կրթական ոլորտները ներկայացնող շուրջ 50 հյուրեր։ ՀՀ կառավարության անունից ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում, Մեղրու Սբ․ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի պահպանությունը Վայոց Ձորի մարզում։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտարկել Հայաստանում Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի ցանկը և ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի էջը։
MVF բենդի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան
Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ MVF նվագախմբի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ նվագախմբի ամերիկյան շրջագայությունից հետո, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղարության «Սենթեր սթեյջ» մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում։ Հոլովակում տեղ են գտնել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։
«Հպարտ ենք թողարկել այս հոլովակը՝ նշանավորելու MVF նվագախմբի ամերիկյան շրջագայությունը և հայտնելու մեր գնահատանքը հայ-ամերիկյան մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերի համար», – ասաց դեսպան Քվինը։
Հոլովակը կարող եք դիտել այստեղ։