Բաժիններ՝

Եվրոպական խորհրդի ղեկավար Միշելը և Մոլդովայի նախագահ Սանդուն ժամանել են Ուկրաինա, որտեղ նշում են «Եվրամայդանի» 10-ամյակը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինա, որտեղ նշվում է «Եվրամայդանի» 10-ամյակը։ Նոյեմբերի 21-ին Կիև են ժամանել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Լավ է վերադառնալ Կիև՝ ընկերների մոտ», – գրել է Միշելը X սոցիալական հարթակում` հրապարակելով լուսանկար Կիևի երկաթգծային կայարանից, որտեղ սեղմում է Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովայի ձեռքը։

Միշելի այցը Կիև տեղի է ունենում ԵՄ-ում Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին քննարկումներից մի քանի շաբաթ առաջ։ Ակնկալվում է Շառլ Միշելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպում։

Իսկ Մայա Սանդուն Վլադիմիր Զելենսկիի և նրա տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 2014 թ․ հեղափոխության ժամանակ զոհված ավելի քան 100 ցուցարարների հիշատակին և համապատասխան տեսանյութ է հրապարակել X սոցիալական հարթակում։

«Մեր օրակարգում են ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերի քննարկումը, տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և ԵՄ շարունակական աջակցությունը մեր երկրներում բարեփոխումներին և զարգացմանը», – գրել է Սանդուն X-ում:

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ։

«Եվրամայդանի» 10-ամյակի կապակցությամբ Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին՝ խոսելով Եվրամիությանը միանալու Կիևի ձգտումների մասին և ասելով, որ 20 տարի առաջ այդ ձգտումները «ռոմանտիկ երազանք էին», իսկ հիմա իրականություն են դառնում։

2021 թ․ նոյեմբերի 21-ին Կիևի կենտրոնում սկսվեց զանգվածային ցույց, որին նախորդել էր Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր կնքելու նախապատրաստական աշխատանքների դադարեցումը։ Այնուհետև բողոքի ակցիաները զանգվածային բնույթ ստացան, իսկ 2014 թ․ փետրվարին Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս