Արևմուտքի հետ իշխանությունը խաղ է անում, Իրանը պետք է գազ տա՞. Էդուարդ Շարմազանով

Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից առաջ 168.amը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում,  հնարավո՞ր է Հայաստանը միակողմանիորեն հրաժարվի միջազգային պայմանագրերից ու կառույցներից, և այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը, ինչին ի պատասխան՝ Է. Շարմազանովը պատասխանեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է։

«Ամեն ինչ հնարավոր է՝ դաշինքից դուրս գալ, արտադաշինքային կարգավիճակ ունենալ, բայց արդյո՞ք դրա հետևանքները պատկերացնում են։ Հնարավոր է ատոմային պետությանը պատերազմ հայտարարել, տղայություն անել, բայց հետո այդ «ջարման» քաշի հայ ժողովուրդը։

Երբ ինքը դարձավ վարչապետ կամ դառնում էր, ես 2018 թվականին ԱԺ-ում հայտարարեցի, որ իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի դերում։ Պատերազմող երկրի, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելյան տարածաշրջանում, որտեղ կոնֆլիկտները լի են, որտեղ խաչվում են մեծ տերությունների շահերը, անգրագետ, էմոցիոնալ, հախուռն, քաոտիկ, իզմ-եր չունեցող ղեկավարն արդեն փորձանք է, դա մենք տեսանք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝  ՀՀ ԱԽՔ-երին, Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին մեկ հարց ունի՝ կարո՞ղ են ներկայացնել մեկ կետ, որի դեպքում հայ-ռուսական հարաբերությունների խզումն օգուտ կտա Հայաստանին ու հայ ժողովրդին։

«Ես կարող եմ հազար մինուս ասել, հազար սպառնալիք՝ տնտեսականից մինչև անվտանգային, հայկական գյուղատնտեսական ապրանքների ամենամեծ շուկայի կորստից, գազի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացումից, ՌԴ-ից Հայաստան եկող գումարների, ներդրումների կրճատումից՝ մինչև մեր սահմանների անտեր թողնելը»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են՝ գազի առումով խնդիր չկա, այն Իրանից կգնեն, Էդուարդ Շարմազանովը նկատեց.

«Արևմուտքի հետ խաղեր են տալիս, Իրանը պետք է գազ տա՞։ Չեն հասկանո՞ւմ, որ աշխարհը գնում է ռեգիոնալացման, այնքան տգետ են, որ չեն գիտակցում, ուզեք թե ոչ՝ այստեղ պետք է խնդիրներ լուծեն ռեգիոնալ պետությունները։ Որո՞նք են դրանք՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ուզենք թե չուզենք։ Հետևաբար՝ մենք այդ ռեգիոնալ պետությունների միջև պետք է ընտրություն կատարենք, իսկ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք և Թուրքիա, ոչ թե՝ Ռուսաստան ու Իրան»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս