Պետությունը ո՞ր խմբերի առողջության ապահովագրավճարը կփոխհատուցի. ցանկ
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հուլիսից առողջության համապարփակ ապահովագրության համակարգում փուլային սկզբունքով ընդգրկվող բնակչության խմբերը, որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը:
2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար.
1. մինչև 18 տարեկան երեխաներ,
2. առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկաններ,
3. առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները,
4. անժամկետ հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով անձինք,
5. սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձը (ընտանիքը)` կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում,
6. երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացվող զինծառայողներ,
7. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ,
8. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։
2025 թվականից պետությունն առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի հետևյալ խմբերի համար.
- 63 և դրանից բարձր տարիքի անձինք,
- մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողները),
- 3 կամ ավելի անչափահաս երեխայի խնամք իրականացնող ծնողներից (խնամակալներից) մեկը,
- ծնողներից (որդեգրողներից) մեկը, որն ունի հաշմանդամություն կամ հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամողը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 2023 թվականը հայեցակարգում եղել է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։
2027-ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան։