ԿԳՄՍ նախարարության գլխին կանգնած անձը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը. Ցոլակ Ակոպյան
Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը հաստատությունում աշխատանքի վերջին օրը հրավիրած ասուլիսում անդրադարձավ համալսարանի խնդիրներին:
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատման հրաման ստացել էր սեպտեմբերի 19-ին՝ Արցախում մեկնարկած ռազմական գործողությունների օրը, և այս ամբողջ գործընթացում իր նկատմամբ բազմաթիվ խախտումներ են իրականացվել:
Համալսարանի պրոռեկտորը նաև ներողություն խնդրեց հասարակությունից՝ առկա դժվար իրավիճակում իր անձնական հարցերը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, նա համոզմունք հայտնեց, որ չխոսելու արդյունքն է եղել նաև այն, ինչ վիճակում հայտնվել է մեր կրթական համակարգը:
Ցոլակ Ակոպյանն իրավապահ մարմիններին կոչ արեց ուշադիր լինել, քանի որ իր ելույթում կարող են նաև հանցագործության մասին հաղորդումներ հնչել:
«Մենք այսօր ունենք մի նախարարություն՝ հանձին ԿԳՄՍՆ-ի, որի գլուխ կանգնած անձնավորությունը, իմ խորին համոզմամբ, սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Այն, ինչ այսօր կատարվում է կրթական համակարգում՝ կապված բուհական դասագրքերի, Հայոց պատմության դասագրքերի հետ, երբ որոշել են, որ, չգիտես ինչու՝ հայ ժողովրդի ծագումը սկսել է Ուրարտուից, և ոչ թե՝ ՔԱ 3-րդ հազարամյակում, սա խոսում է այն մասին, որ միտումնավոր ամեն ինչ արվում է մեր հոգևոր անվտանգությունը խաթարելու, մեր ազգային արժեքները ոտնահարելու և ընդհանրապես, հային իր պատմությունը մոռացնելու համար»,- համոզմունք հայտնեց Ակոպյանը:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների ու դասագրքի հեղինակների պնդումներին՝ Ակոպյանը հարցադրում հնչեցրեց, թե ինչն է խանգարում այդ քննադատական մտածողությունը սերմանել Հայկի ու Բելի առասպելի մասին պատմելով:
Նա նաև ցավով արձանագրեց, որ այս ընթացքում ինքը չի լսել առկա խնդիրների վերաբերյալ Երևանի տարբեր ինստիտուտների կարծիքը՝ ԳԱԱ-ի կամ ԵՊՀ-ի մասնագետներից:
Նազելի Ստեփանյան