Տարվա բառը՝ «արհեստական բանականություն»
Մեծ Բրիտանիայում հրատարակող Collins English հեղինակավոր բառարանը տարվա բառ է ընտրել «Artificial intelligence»-ը՝ «Արհեստական բանականությունը» (հապավումը՝ AI):
«Հեղափոխական AI-ի վրա աշխատող լեզվական մոդելը ներխուժեց հանրային գիտակցություն 2022-ի վերջին՝ հիացնելով մբոլորիս մարդկային բնական խոսքն ընդօրինակելու ունակությամբ: Իրականում, այն կարող է շատ ավելին անել. «Վաղն առավոտյան շնորհանդեսի համար տե՞քստ է պետք՝ խնդիր չկա: Ճաշի բաղադրատո՞մսը, ի՞նչ է մնացել սառնարանում՝ կատարված է»: Եվ մինչ մարդիկ հասկանալիորեն հիանում են դրանով, նրանք սկսում են նաև փոքր-ինչ անհանգստանալ: Եթե համակարգիչները հանկարծ դարձան լեզվի մասնագետ, ապա ի՞նչ կլինի հետո: Այդ ամենը բավական է, որ «Artificial intelligence»-ն ընտրվի տարվա բառ»,- ասվում է Collins English բառարանի խմբագրության հրապարակած հայտարարությունում:
Այսօր Մեծ Բրիտանիայում բացվում է արհեստական բանականության անվտանգ կիրառման առաջին միջազգային գագաթնաժողովը, որի մասնակիցների թվում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գործարար Իլոն Մասքը։
Գագաթնաժողովի նպատակն է քննարկել արհեստական բանականության հետ կապված հնարավոր սպառնալիքները։