Հայկական կողմն Ադրբեջանի վարչապետի հետ շփումը օգտակար է համարում՝ մի շարք հարցերում դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին: Այս մասին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.

«Ճաշի ընթացքում երեք վարչապետները նստած են եղել նույն սեղանի շուրջ: Նույն սեղանի շուրջ նստած են եղել նաեւ ճաշից առաջ եւ հետո՝ բարձրաստիճան հյուրերի ընդունելության եւ ճանապարհման սրահում:

Պաշտոնական ճաշի, դիմավորման, ճանապարհման ընթացում նրանք միասին են եղել մի քանի ժամ (պաշտոնական ճաշին այլ վարչապետներ ներկա չեն եղել):

Այս շփումների ընթացքում քննարկվել են ամենատարբեր հարցեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող:

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շփումները կրել են ոչ պաշտոնական, չպլանավորված բնույթ: Հայկական կողմը Ադրբեջանի վարչապետի հետ տեղի ունեցած շփումը օգտակար է համարում՝ առնվազն մի շարք հարցերում կողմերի դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով:

Վրացական կողմը «Մետաքսի ճանապարհ» համաժողովի պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր միջոցառումները կազմակերպել է բարձր մակարդակով, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»:

Տեսանյութեր

Լրահոս