Բնապահպանները՝ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ը սեփականատերերին. «Միայն այդ ֆորմատով մենք ձեզ հետ, այսպես ասած՝ խոսալու ունենք»

«Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի նախագծին դրական եզրակացություն պետք չէ տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան ակտիվիստ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի են ունենալու ՀԷԿ-ի նախագծի մասնագիտական լսումները:

«Այդ նախագիծն այդ տարածքում չպետք է իրագործվի»,- ասաց նա: Ըստ Լևոն Գալստյանի՝ Գետահովիտ համայնքում կատարված հասարակական լսումների արդյուքնում պարզ է դարձել, որ բնակիչները դեմ են փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Բնապահպանի խոսքով՝ չկան փաստեր, բայց գյուղացիների հետ շփվելով՝ իրենք հասկանում են, որ գյուղացիների վրա ճնշումներ են գործադրվել. «Գյուղում միշտ լինում են մարդիկ, որոնց կարելի է ինչ-որ ձևով վերցնել, օգտագործել այդ նախագծի համար: Իրենց քանակությունն, իհարկե, քիչ է, բայց իրենք փորձում են»:

Լևոն Գալստյանի խոսքով՝ նախագծող ընկերությունը ԷՌԱ ՍՊԸ-ն է, որը հեղինակել էր նաև «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի առաջին նախագիծը, որը նախարար Արամ Հարությունյանի կողմից չեղյալ էր համարվել: Ձեռնարկողը «ՄեգաԷներջի» ՍՊԸ-ն է: Բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Մարիամ Սուխուդյանը նշեցին, որ որքանով իրենք տեղյակ են, ՀԷԿ-ի կառուցման ձեռնարկողները Ռուսաստանում բնակվող հայեր են. «Ինչպես գյուղացիներին փորձում են սպառնալ, այնպես էլ ՀԷԿ-ի տերերը մեր հետ են տարբեր միջոցներով կապվում, ուզում են հանդիպել: Մենք հիմա իրենց հրապարակային պատասխանում ենք՝ եթե ինչ-որ բան ունեք խոսելու, ապա դա միայն հրապարակային բաց, քննարկման միջոցով, որտեղ կլինեն նաև լրագրողները: Միայն այդ ֆորմատով մենք ձեզ հետ, այսպես ասած՝ խոսալու ունենք»:

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը այսօր աջակցում է բոլոր բնապահպանական ավիրվածություններին: Հիմա ասեմ՝ ինչու: Դուրս է գալիս նախարարության աշխատողն ու ասում՝ այսօր հանրային լսումները հաջող չանցան (խոսքը Գետահովիտում անցկացված լսումների մասին է:- Օ.Հ.): Շատ վատ անցան: Եզրակացությունը ձեզ եմ թղնում»,- ասաց Եղիա Ներսիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս