Ադրբեջանի ուզած «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով «3+3» ձևաչափի շրջանակներում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման և դրա շրջանակներում ընդունված հայտարարության՝ երկրների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ասաց, որ դեռ «կապրեն ու կտեսնեն»՝ «3+3»  է, թե՞ «3+2»։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա, ըստ պատգամավորի, եթե հղում են կատարում Հելսինկիի եզրափակիչ ակտին, ապա նշանակում է՝ տարածքային վեճերի լուծում խաղաղությամբ։

«Ցանկացած երկու երկիր, հատկապես՝ դրկից երկրներ, իրենց միջև վեճերը պետք է լուծեն առանց ուժի կիրառման։ Հետևաբար՝ Ադրբեջանը, որն այդ հայտարարությունն ընդունում է, այսօր պետք է իր զորքերը հաներ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի օկուպացված հատվածներից։ Բայց Ադրբեջանը մի կողմից՝ ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից՝ Հայաստանում պահելով իր զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության համաձայնագիրը» չլինի Հայաստանի կապիտուլյացիան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, իշխանությունների ձախողված արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվել է բախումների թատերաբեմի։ Հետևաբար, թե որտեղ են ընթանում բանակցությունները, երկրորդական հարց է, կարևորն այն է, թե այդ բանակցությունների սեղանին ինչ է դրված, և այն մարդը, որը ներկայացնում է  Հայաստանը՝ ներկայացնո՞ւմ է  ՀՀ շահերը։

Կարդացեք նաև

«Ցավոք, այսօր մենք հիմքեր չունենք ասելու, թե մեր բանակցողները ներկայացնում են ՀՀ շահը։

Ամենամեծ վտանգը գալիս է նրանից, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, և ով է  բանակցում»,- նշեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս