ԱՄՆ-ի իշխանությունները 7 միլիոն դոլարով տուգանել են Google ընկերությանը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ իշխանությունների հետ՝ 7 միլիոն դոլար տուգանք վճարելու մասին:
Որպես տուգանքի սահմանման պատճառ է նշվում Google-ի կողմից Street View ծառայությանն առնչվող աշխատանքների ժամանակ օգտատերերի տվյալներն ապօրինի ճանապարհով հավաքելը:
Դեռևս 2010 թվականին հայտնի դարձավ, որ Google-ի հատուկ ավտոմեքենաները, որոնք Street View ծառայության համար լուսանկարներ են կատարել, տարիների ընթացքում ապօրինի եղանակով տեղեկատվություն են հավաքել Wi-Fi չպաշտպանված ցանցերից:
Դա հետաքննության առարկա է դարձել Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի (Federal Communications Commission, FCC) համար: Նախորդ տարվա ապրիլին FCC-ն Google-ին տուգանել էր 25.000 դոլարով՝ այդ միջադեպի հետաքննմանը խոչընդոտելու համար: Այն ժամանակ Google-ն իրեն հասցեագրված մեղադրանքները որակել էր որպես անհիմն: