Ժաննա Անդրեասյանն այնքան թշնամաբար է տրամադրված Արցախի հանդեպ, որ պատրաստ է նույնիսկ արցախցի ուսանողներին զրկել իրենց փոքրիկ երազանքից. Նարե Սիմոնյան

Արցախի բռնազավթումից ու արցախցիների բռնագաղթից հետո վերջին օրերին հայտարարվում է արցախյան տարբեր հարթակների փակման մտադրության ու գործընթացների մեկնարկի մասին: Ավելի վաղ  նաև Արցախի հայ հանրությունը բարձրացրեց արցախյան կարևորագույն կառույցների պահպանության հարցը: Մասնավորապես՝ օրերս հայտարարվեց 3 տարի շարունակ, Արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ, արցախցի մեր հայրենակիցների խնդիրների համակարգման ու այլ կարևորագույն աշխատանքներ իրականացրած՝ ՀՀ-ում «Արցախի օպերատիվ շտաբ»-ի փակման մասին:

Կառույցի աշխատանքներն այսուհետ իրականացնելու է ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը:

Բավականին աղմկահարույց իրավիճակ էր առաջացել օրերս նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց: Արցախցի մեր հայրենակիցները մուտք գործեցին շենք՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանի իրենց հուզող մի շարք հարցերի:

Բավականին երկարատև ու բուռն քննարկումներ ծավալվեցին նաև Արցախի պետական համալսարանի շուրջ: Այդ թեման, հատկապես վերջին օրերին բավականին բուռն քննարկվում է նաև Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր բարձրակարգ մասնագետների կողմից: Մի շարք հանրային ու ակադեմիական գործիչներ, գիտնականներ ու մասնագետներ բարձրացնում էին ԱրՊՀ-ի պահպանության կարևորության մասին: Ավելին, նրանց ճնշող մեծամասնությունն անգամ պատրաստակամություն հայտնեց անձամբ ներգրավվելու Արցախի պետական համալսարանի գործունեության վերականգնման գործընթացում, անվճար հիմունքներով դասախոսություններ կարդալու ուսումնական հաստատությունում ու համալրելու բարձրագույն կրթական հաստատության գրադարանային ֆոնդը:

Կարդացեք նաև

ՀՀ իշխանությունները, սակայն, հստակ որոշում են կայացրել՝ «Արցախի պետական համալսարանը որևէ դեպքում չի կարող գոյություն ունենալ»:

ԱրՊՀ-ի խնդիրը մշտապես բարձրացնող ակտիվիստ Նարե Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Արցախի պետական համալսարանը միայն ուսումնական հաստատություն չէ: Այն Արցախի խորհրդանիշն է, ու այդ կառույցի դեմ ցանկացած գործողություն Արցախի ու արցախցու դեմ է:

«Այստեղից է սկսվել 1988 թվականի շարժումը: Մայր բուհը տարիներ շարունակ պահել է իր դերը  հասարակության կյանքում: Պատերազմից հետո էլ իր շուրջն է համախմբել ուսանողներին, նորից հուսադրել է Արցախ ունենալու գաղափարով: Այնպես որ՝ ԱրՊՀ-ի գոյությունը կարևոր է և՛ որպես Արցախի լինելիությունը խորհրդանշող պետական ինստիտուտ, և՛ որպես անգնահատելի խորհրդանիշ: Այն փակելն անթույլատրելի է»,- պնդեց Նարե Սիմոնյանը՝ այս համատեքստում պատահական չհամարելով փաստը, որ այս իշխանություններն ամեն կերպ մերժում են Արցախի պետական համալսարանի գոյության գաղափարը:

Նարեի խոսքով՝ իրենք բազմիցս քննարկումներ են ունեցել տարբեր ակադեմիական շրջանակների հետ: Նրա փոխանցմամբ՝ բոլոր քննարկումների ժամանակ հնչել են ամենատարբեր առաջարկներ՝ Արցախի պետական համալսարանը պահպանելու համար: Առաջարկվել է անգամ համալսարանն անվանափոխված տարբերակով պահպանելու տարբերակը: Բոլոր առաջարկները, ըստ մեր զրուցակցի, մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից:

Այս առումով արցախցի մեր զրուցակիցը հիշեց, թե ինչպես դեռևս Արցախյան Առաջին պատերազմից առաջ առաջացած նույնպիսի խնդրին հաջողվեց լուծում տալ՝ այն ժամանակ քաղաքական կամք ունեցող գործիչների ջանքերի շնորհիվ, և որոշ ժամանակ Արցախի պետական համալսարանը համարվեց Վանաձորի պետական համալսարանի Արցախի մասնաճյուղ՝ այդպիսով պահպանելով իր գոյություն:

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի թշնամական է տրամադրված Արցախի պետական համալսարանի նկատմամբ ու նույնքան մեծ սպառնալիք է այն համարում, որքան գուցե Ալիևը համարում էր Արցախի գոյությունը: ԱրՊՀ-ի ղեկավարությունն ու բազմաթիվ այլ անձինք ուղիղ կապի են դուրս եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ փորձելով ընդհանուր լեզու գտնել հարցի հետ կապված: Ժաննա Անդրեասյանը բացառել է Արցախի պետական համալսարանի գոյությունը»,- ասաց Նարե Սիմոնյանը:

Հիշեցնենք նաև, որ օրերս նախարարն անդրադարձել էր հատկապես իր երեխայի՝ արտասահմանյան բուհ ընդունվելու փաստի վերաբերյալ լրագրողների հարցերին: Նա հայտարարել էր, որ լրագրողներն իրավունք չունեն ներխուժելու իրենց անձնական հարցերի շրջանակ՝ հավելելով, որ իր երեխայի կրթության իրավունքն ու բուհն ընտրելու անձնական որոշումների հարցը որևէ մեկը չի կարող վիճարկել:

ՀՀ կրթության ոլորտի ղեկավարն անդրադարձել էր նաև հարցին, թե արդյո՞ք իր երեխաները հույս չեն կապում Հայաստանի հետ:

«Իմ երեխաները, ինչպես և մեր երկրում ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են որոշել, թե որտեղ պետք է շարունակեն իրենց կրթությունը: Որևէ մեկը չի ասել, որ այն պատճառով, որ իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում՝ պետք է խտրական մոտեցման արժանանան կամ սահմանափակված լինեն իրենց որոշումներում»,- հայտարարել էր նախարարը:

Նարե Սիմոնյանի համոզմամբ՝ այն պարագայում, երբ նախարարը բարձրաձայնում է իր երեխաների ընտրություն կատարելու իրավունքի մասին, իր իսկ որոշումներով՝ խոչընդոտում է արցախցի ուսանողների ընտրության իրավունքը:

«Այն կինն իր քմահաճույքով կոպտորեն խախտում  ու ոտնատակ է տալիս Արցախի պետական համալսարանի՝ շուրջ 1600 ուսանողների՝ իրենց ուսումն իրենց բուհում շարունակելու իրավունքը: Ու նա ամբողջ աշխարհին, այսպես ասած, հաթաթա է տալիս, թե՝ «ինչո՞ւ եք իմ երեխային թիրախավորում, որ նա դրսում է սովորում, նա իրավունք ունի որոշելու և իրացնելու իր կրթվելու իրավունքն արտասահմանյան բուհում»: Կարծես իր երեխան արտոնյալ է, իր երեխան իրավունք ունի սովորելու իր ցանկացած բուհում, իսկ մյուս ուսանողներն այդ իրավունքը չունեն:

Չպետք է մոռանալ նաև, որ Արցախում, բացի Պետհամալսարանից, այլ բուհեր ևս կային, որոնք նրանց պարզապես չեն հետաքրքրում: Այս մարդիկ ո՛չ միայն դեմ են Արցախի պետական համալսարանի անվանը, այլև դեմ են, որ այդպիսի որևէ սուբյեկտ գոյություն ունենա: Սրանք չեն ուզում, որ լինի մի միավոր, որը կմիավորի երիտասարդ արցախցիներին: Նրանց վախեցնում է ո՛չ միայն Արցախի անվանումը տեսնելը, այլև հենց նաև Արցախի բուն գոյությունը: Այդ պատճառով էլ ամեն ինչ անում են այն ոչնչացնելու համար»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից նման գործողությունների դրդապատճառներին՝ Նարե Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ դրանց նպատակը բոլոր հարթակներում Արցախի թեման փակելն է:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Արցախի Մայր բուհը պահելու պահանջը հնչեցվում է ոչ միայն Արցախի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի կողմից:

Նարե Սիմոնյանը հավաստիացրեց, որ ուսանողները նույնպես չեն կարող համակերպվել իրենց բուհի հնարավոր փակման հետ: Լռել չեն պատրաստվում:

«Դե պատկերացրեք, նրանք բոլորով միասին այնտեղ են եղել նաև սեպտեմբերի 19-ին: Թեկուզ միայն այդ ապրումների ու էմոցիոնալ առումով նրանք միասին պետք է փորձեն բուժել նաև այդ ցավը: Բայց այնպիսի դաժանությամբ են տրամադրված Ժաննա Անդրեասյանն ու նրա վերադասները, որ Արցախի հանդեպ իրենց թշնամանքը պատրաստ են տարածել նույնիսկ այս ուսանողների վրա՝ իրենց վերջին փոքրիկ երազանքից զրկելով»,- համոզմունք հայտնեց Նարե Սիմոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախի պետական համալսարանը մշտապես պահպանել է իր՝ ո՛չ քաղաքականացված կառույց լինելու սկզբունքը: Դա, ըստ նրա, պահպանվել է նաև Արցախի ներքաղաքական գործընթացների ֆոնին, որի ընթացքում ուսումնական հաստատությունը լիարժեք չեզոքություն է պահպանել: Նույն սկզբունքը, ըստ նրա, կպահպանվեր նաև ՀՀ-ում հաստատության գործունեության շարունակության պարագայում:

«Այս դեպքում առկա միակ խնդիրը քաղաքական կամքն է: Դրա գոյության դեպքում համալսարանի առջև ծառացած ցանկացած խնդիր՝ շենքի, գրադարանի, դասախոսությունների ու մյուս հարցերը, լուծելի են»,- ասաց նա՝ հավելելով, որ կան և՛ բիզնես շրջանակներ, և՛ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք շարունակում են իրենց անվերապահ աջակցությունը հայտնել այդ գործընթացում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս