Բաժիններ՝

Քանագեղ հնավայրի դամբարանադաշտում ընթանում են 11-րդ դամբարանի պեղման աշխատանքները

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ և Գեղարքունիք գյուղերի վարչական տարածքների սահմանագծին գտնվող Քանագեղ հնավայրի դամբարանադաշտում այս տարվա հոկտեմբերի սկզբից սկսվել և ընթանում են 11-րդ դամբարանի պեղման աշխատանքները։

Պեղումներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ հնագիտական արշավախմբի կողմից, որը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը։

Արշավախմբի կազմում են հնագետ Բեն Վարդանյանը, հնագետ-հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը և հնագետ-վերականգնող Տիգրան Զաքյանը։

Պեղումներն իրականացվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ենթակառուցվածքի պահպանության ու զարգացման ծրագրի շրջանակներում, ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրած դրամաշնորհային միջոցների հաշվին։

«Քանագեղի դամբարանադաշտում պեղումները սկսվել են անցած դարի 80-ական թվականներին, երբ Վարդենիս-Մարտունի-Երևան ավտոճանապարհի կառուցման պատճառով այստեղ վնասվել էին մի շարք հնագույն դամբարաններ։ Առհասարակ, դրանց քանակը հասնում է 30-ի, որոնցից առ այսօր պեղվում են 11-ը։ Պեղումներն ի հայտ են բերել հետաքրքիր ու պատմահնագիտական առումով բացառիկ արժեք ներկայացնող նյութեր, որոնք գաղափար են տալիս Սևանի ավազանում Քրիստոսից առաջ 16-7-րդ դարերում բնակված մարդկանց կենցաղի, հավատալիքների, զբաղմունքի, թողած մշակութային արժեքների, սովորույթների, մարդաբանական կառուցվածքի, այլ իրողությունների մասին։ Հայտնաբերվել են մարդկային տասնյակ կմախքներ, որոնց հիմնական մասը պահպանվել են լավ վիճակում: Պեղվել են պերճանքի առարկաներ, ընտանի կենդանիների ոսկորներ, խեցեգործական իրեր, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ, մատանիներ, գլանաձև իշխանական կնիք, այլ իրեր։

Վերջին երեք տարիների ընթացքում մենք պեղել ու ուսումնասիրել ենք երկու դամբարան, որտեղ հայտնաբերել ենք պարսիցծոցյան ծովախեցիներ, որոնք համարվում են պերճանքի առարկաներ։ Սա նշանակում է, որ մեր հեռավոր նախնիները դեռևս մեզանից ավելի քան 3500 տարի առաջ առևտրատնտեսական ու մշակութային կապեր են ունեցել Պարսից ծոցի երկրների հետ։ Գտել ենք նաև բրոնզե զարդեր պատրաստող կաղապար, որով հնարավոր է կանացի 7 տեսակ զարդեր պատրաստել։ Սա էլ իր հերթին ապացուցում է, որ բացի անասնապահությունից և երկրագործությունից, տեղի բնակչությունը տիրապետել է արհեստներին, ինչպես նաև՝ կիրառական արվեստի ճյուղերին։

Անցած ամռանը բացված 10-րդ դամբարանի երկու խցերում, միասին վերցրած, հաշվել ենք 33 մարդկային կմախք՝ հիմնականում բոլորն էլ լավ պահպանված։ Թիվ 11 դամբարանից, որը բացվել է այս տարի, հայտնաբերել ենք մարդկային ոսկորներ, կաշվե և բրոնզե իրերի մնացորդներ։ Թեև դամբարանի նյութն աղքատիկ է, սակայն այն ունի ամուր ու հրաշալի պահպանված շրջանաձև շարվածք, երեք մեծ սալերով ծածկված դամբանախուց։ Դամբարանը գտնվում է դամբարանադաշտի ամենաբարձր դիրքում, արևմտյան կողմի ժայռամերձ հատվածում։ Պեղումներն այս տարի կշարունակվեն ևս մի քանի օր, որոնց ընթացքում կարող են հայտնաբերվել նոր հնագիտական արժեք ներկայացնող նյութեր։ Հույս ունենք, որ մոտակա տարիներին ևս ՀՀ Գիտության կոմիտեն մեզ կշարունակի միջոցներ տրամադրել՝ դամբարանադաշտում առկա մյուս դամբարանները պեղելու համար։

Իսկ ինչու՞ են առավել անհրաժեշտ դարձել պեղումներն այս հատվածքում։ Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների կողմից հնչեցված ահազանգի՝ վերջին տարիներին անհայտ անձանց կողմից Քանագեղի հնավայրում արձանագրվել են դամբարանները վնասելու դեպքեր, ուստի մենք այս աշխատանքները ձեռնարկել ենք՝ այստեղ առկա պատմամշակութային արժեքները պահպանելու, հանրահռչակելու և նրանց հետագա վնասումները կանխելու նպատակով։ Իսկ արշավախմբին աշխատակցող հնագետներն ամենայն սիրով ու նվիրումով ուսումնասիրում են գտածո յուրաքանչյուր իր, բացահայտում դրանց գաղտնիքներն ու նշանակությունը, նոր ուղղումներ մտցնում պատմահնագիտական մինչ այժմ եղած պատկերացումներում»,-ներկայացրեց Աշոտ Փիլիպոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս