Պուտինը մեղմե՞ց Փաշինյանի հակառուսական տրամադրվածությունը, թե՞․․․

Հայ-ռուսական բարձրաստիճան, դիվանագիտական սուր և աննախադեպ փոխհրաձգությունների ֆոնին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկահարույց ու թերևս միջազգային հանրության համար անակնկալ հայտարարությունն արեց՝ պնդելով, թե ՀՀ-ն չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք։

Նա մասնավորապես ասաց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա և դրա շրջանակներում:

Անդրադառնալով Ռուսաստանի մեղադրանքներին, թե Հայաստանը փոխում է քաղաքական վեկտորը և գնում է դեպի Արևմուտք, Փաշինյանն ասաց. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել և վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել»,- ասաց նա, թեև իշխանական ողջ պրոպագանդան, իշխանական պատգամավորները, իշխանական շրջանակները ակտիվորեն խոսում են ՀԱՊԿ-ը լքելու անհրաժեշտության մասին։

Դիտարկմանը, որ չեղարկելու մի քանի ձև կա, մեկը, որ վերցնում ու չեղարկում ես, մյուսը այն է, որ չես գնում ՀԱՊԿ-ի զորավարժություններին, չես նշանակում այդ կառույցում ներկայացուցիչ, հանդիպումներում քո ներկայությունն իջեցնում ես փոխնախարարի մակարդակի, Փաշինյանն ասաց. «Մենք երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք կան: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված 2021-ի իրադարձությունները կան: Մենք, օրինակ, 2020-ին ՀԱՊԿ-ի հետ կապված պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ թե ՌԴ-ին, բայց 2021-ի Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ մենք այո, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել և շարունակում ենք բարձրացնել»:

Հարկ է նշել, որ Փաշինյանի այս հայտարարությանը նախորդել էին մի շարք ուշագրավ հայտարարություններ ու իրադարձություններ։ Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունից ու Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց ամիսներ առաջ ծրագրված և հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվող եվրոպական առաջնորդների միջնորդությամբ հնգակողմ բանակցություններից՝ սկսելով խոսել 3+3 ծրագրի, Թբիլիսիի ու Մոսկվայի միջնորդությունների մասին։

Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ այսօր ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, և իրենք Ռուսաստանի միջնորդությունը երախտագիտությամբ են ընդունում, քանի որ նա թե Ադրբեջանի, թե Հայաստանի դաշնակիցն է ու ներկա է տարածաշրջանում՝ «ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների»։ «Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։

Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել. կարևոր գործեր ունի։ Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»։
Այս ընթացքում կան շփումներ Մոսկվա-Բաքու ձևաչափով Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման ժամկետների շուրջ, քանի որ ենթադրվում է, որ Արցախի հայաթափումից հետո խաղաղապահները պետք է լքեն ռեգիոնը, սակայն կարծես կողմերն այլ բան են փորձում պայմանավորվել, և Գրանադայից Ալիևի հրաժարվելը Մոսկվայի դիվանագիտական ջանքերի համար նոր հնարավորություն է ստեղծել, որից Մոսկվան փորձում է օգտվել։

Ինչպես նաև այս նույն ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Վալդայ» դիսկուսիոն ակումբում արած հայտարարություններն էին հետաքրքրական։ Մինչ Սերգեյ Լավրովը, Դմիտրի Մեդվեդևը, Մարիա Զախարովան ՀՀ իշխանությունների հասցեին սուր հայտարարություններ էին անում, նույնիսկ անձնավորված ակնարկներ հնչեցնում Փաշինյանին, Պուտինը փորձեց ավելի դրական արտահայտվել, նշելով, թե արդար չէ ասելը, որ Փաշինյանն ուզում էր հանձնել Ղարաբաղը և նպատակադրված հանձնել է։

«Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը հանձնելու համար։ Դա ժողովրդի ընտրությունն էր»,- հավելել էր նա։

Պուտինի խոսքով՝ Փաշինյանը երբեք մտադրություն չի ունեցել հանձնել Արցախը։ Սրան հաջորդեց Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանի զանգը Մոսկվա և Փաշինյան-Պուտին բանակցությունները։

Ըստ որոշ փորձագիտական կարծիքների, սա արվում է Փաշինյանին Արևմուտքի միջնորդությունից Մոսկվայի միջնորդություն վերադարձնելու նպատակով։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում շատ ավելի էականորեն նկատելի էր Երևանի ընթացքը դեպի Արևմուտք՝ դժգոհությունը Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, Ֆրանսիայի շահագրգռությունը՝ օգնել Հայաստանին որոշ հարցերում, Արևմուտքի աճող աջակցությունը Հայաստանին։ Ըստ նրա, այս ամենը թույլ էր տալիս ենթադրել, որ ՀԱՊԿ-ը լքելը «սարերի ետևում» չէ, քանի որ տպավորություն էր նաև, որ Երևանը ծրագրում է սպառազինություն ձեռք բերել Արևմուտքից, որը ՀԱՊԿ անդամ լինելու պարագայում անհնար է։

«Ակնհայտորեն կուլիսային ահռելի գործընթացներ կան Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շուրջ, որոնք շատ մասամբ են տեսանելի հրապարակային դաշտում։ Իմ տպավորությամբ, երևի թե Ռուսաստանին հաջողվել է համոզել Երևանին, սիրաշահել կամ երաշխիքներ տալ, որ չի լինի ՀՀ տարածքով անցնող միջանցք, այլ կլինի ճանապարհ։ Թե որքանով են վստահելի դրանք, պետք է որոշի Երևանը։ Այսինքն՝ շատ տարբեր կարող են լինել պայմանավորվածությունները, այդ թվում և այն, որ կա շահագրգռություն ակտիվացնել տարածաշրջանային 5+2 ձևաչափը, իսկ Երևանը հասկանում է, որ դրանից դուրս մնալն իր համար լի է վտանգներով։ Այս պահին պետք է արձանագրել ու ճիշտ կլինի, որ դա նաև Արևմուտքում արձանագրեն, որ բանակցությունների վայրը փոխվում է, ինչպես է սրան արձագանքելու Արևմուտքը, ինչ բացատրություններ են տրվելու՝ ինչու են բանակցային միջնորդները փոխվում, այլևս ձեռնտու չէ բանակցել Արևմուտքում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և կարծում եմ՝ այսքան արված աշխատանքից հետո Արևմուտքը հեշտությամբ չի հրաժարվելու իր ներդրած ջանքերից Հարավային Կովկասում։ Դեռ սպասվում են զարգացումներ»,- ասաց նա։

Նա չի բացառում նաև, որ այս հայտարարություններն արվեն այլ նպատակով, թե ինչ՝ ցույց կտա ժամանակը։ «Գուցե Երևանը գնա դեպի Արևմուտք, պարզապես այդ մասին ուղիղ չհայտարարվի»,- ասաց նա։

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ քաղաքական վեկտորը փոխելու հայտարարությունն այլ բան է, դա իրականություն դարձնելը՝ մեկ այլ, ուստի միայն հայտարարություններով դատելը սխալ է։ Նա հիշեցրեց, որ զուգահեռաբար խոսվում է թե Մոսկվայի, թե Թբիլիսիի միջնորդության մասին, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմի համար էականն այն է, որ գործընթացով չզբաղվի Արևմուտքը։

«Ինչու՝ հարցին, թերևս, լավ կպատասխանեն հենց դա ցանկացողները։ Սակայն դա տարօրինակ է, թեև նման հակամարտությունների դեպքում ոչ անսպասելի, քանի որ աշխարհաքաղաքական գործընթացները բարդ են բազմաբևեռ և միաբևեռ աշխարհների պայքարի կոնտեքստում։ Տարածաշրջանային ուժերը՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, ցանկանում են տեղավորվել բազմաբևեռ աշխարհի տրամաբանության կոնտեքստում և բոլոր հարցերը լուծել ռեգիոնում, թույլ չտալով այլ ուժերի մասնակցություն, այս դեպքում՝ ԵՄ առաջնորդների։ Ադրբեջանը ներկայումս այս ուղղությամբ ակտիվ ջանքեր է ներդնում, կարողացել է նաև բարելավել հարաբերություններն Իրանի հետ և այստեղ իրեն երևի թե ավելի հարմարավետ է զգում բանակցությունները շարունակելու համար»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս