Ապրանքափոխանակություն
Անցած շաբաթ Հայաստանում էր ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Կենտրոնական վարչության անդամ, գանձապահ Վազգեն Կալթախչյանի ընկերակցությամբ: Նա նախ` հանդիպեց վարչապետ Տիգրան Սարգսյանի, ապա և` նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ԿՎ ատենապետը Սերժ Սարգսյանին շնորհավորել էր վերընտրման առիթով:
Մինչև Հայաստան գալը, ընտրություններից անմիջապես հետո ՍԴՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ և շնորհավորել էր Սերժ Սարգսյանին վերընտրվելու առիթով: Արդյո՞ք Աճեմյանը այն աստիճան ոգևորված էր Ս. Սարգսյանի վերընտրությամբ, որ չբավարարվելով հայտարարությամբ, որոշել էր գալ Հայաստան և անձամբ շնորհավորել Սարգսյանին: Իրականում, որոշ հանգամանքներ ստիպում են մտածել, որ Ս. Աճեմյանի Հայաստան գալը և Ս.Սարգսյանի հետ հանդիպելը հետապնդում էին նեղ անձնական, կարելի է ասել` առևտրային շահեր: Հայաստանում այսօր իրար զուգահեռ գործում է երկու ՍԴՀԿ. մեկի ղեկավարը Գևորգ Պերկուպեկյանն է, ում լիազորությունները ճանաչում է Աճեմյանը, և ում ղեկավարած կուսակցությունը գրանցված է պետռեգիստրում, մյուսի ղեկավարն ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն է, ով դիմել է դատարան` վիճակելով պետռեգիստրի որոշումը` Պերկուպեկյանի ղեկավարած կուսակցությունը գրանցվելու մասով:
Մարտի 14-ին Արաբկիրի առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենա այս գործով եզրափակիչ նիստը, որի ժամանակ հնարավոր է` դատավորը հրապարակի դատավճիռ: Սեդրակ Աճեմյանը հասկանում է, որ այն ՍԴՀԿ-ն, որի օրինականությունը ճանաչում է ինքը, և, որը գրանցված է պետռեգիստրի կողմից, կարող է դատարանի վճռով անօրինական ճանաչվել, և այդ դեպքում ինքը կզրկվի Հայաստանում ունեցած իր հենարանից:
Դրա հավանականությունը բավական մեծ է, քանի որ Լ. Սարգսյանը բազմաթիվ անգամներ փաստեր է հրապարակել, ըստ որոնց` պետռեգիստրը գրանցում է կատարել ակնհայտորեն կեղծ և իրար հակասող փաստաթղթերի հիման վրա: Պետռեգիստրն անտեսել է այդ հակասությունները և գրանցել է Աճեմյանի հովանավորությունը վայելող կուսակցությունը, քանի որ Աճեմյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Տ. Սարգսյանի հետ:
Բայց մի բան է` պետռեգիստրի վկայական ստանալը, մեկ այլ բան՝ դատարանի կողմից դրա օրինականությունը հաստատելը: Հայաստանում դատարանները գտնվում են նախագահի անմիջական վերահսկողության տակ, և նույնիսկ վարչապետն իրավասու չէ դատարաններին հրահանգներ իջեցնել, թե ինչպիսի վճիռ կայացնեն:
Դրա համար Սեդրակ Աճեմյանը, հանդիպելով Տ. Սարգսյանի հետ և, թերևս, հավաստիանալով, որ նա չի կարող այս հարցում իրեն որևէ աջակցություն ցույց տալ, որոշել է հանդիպել Ս. Սարգսյանին: Աճեմյանը մտածել է, որ նախագահ Սարգսյանին կարող է առաջարկել պարզ փոխանակում. շնորհավորանք` դատավճռի փոխարեն: Այսինքն` ես շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու առիթով, իսկ դուք ճանաչում եք մեր տեղական կառույցի օրինականությունը:
«168 ԺԱՄ»