«Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞նց է դառնալու դիակ»
«Ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին չվազի Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ու չասի` Րաֆո՛ ջան, իշխանությունը վերցրու քեզ, նա իրեն պետք է կամ հրկիզի, կամ ինքնասպան լինի»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ հենց այսպիսի զարգացումներ է կանխատեսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը համոզված է` ապրիլի 9-ին կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
«Ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովյաննիսյանի հետ: Ո՞նց է դառնալու դիակ, որ իր վրայով անցնի Սերժ Սարգսյանը: Խոսքերին պետք է տեր կանգնել: Ձեռք ես տվել` խաղ արա»,- կարծում է նա:
Ահարոն Ադիբեկյանն ասում է` հայերը կտրուկ գործողությունների հակում չունեն, այդ պատճառով էլ պետք չի սպասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխություն կամ հեղաշրջում կանի ժողովրդի հետ: Սոցիոլոգը նաև հարց է հղում. «Եթե մեծամասնությունը Րաֆֆի Հովհաննիսյանին է ընտրել, ինչու՞ դուրս չեն գալիս փողոց, հեղափոխություն անում»:
Ահարոն Ադիբեկյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի` ժողովրդի անունից խոսելը համարում է մեծամտություն: Ժողովրդի անունից, ըստ Ահարոն Ադիբեկյանի, կարող է խոսել միայն երկրի նախագահը.
«Եթե մեկն իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անումից, ուրեմն ինքը կամ ամբոխատիրության կողմնակից է, կամ դեմագոգ է և փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել»:
Րաֆֆի Հովհաննիսյանի այս քաղաքականությունը սոցիոլոգին հիշեցնում է 1990-ականների կեսերին Աշոտ Մանուչարյանի փորձերը` պայքարելու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ.
«Երբ որ մեկ ամսվա ընթացքում ամեն շաբաթ նա Ազատության հրապարակում մեծ ամբոխ էր հավաքում և ասում էր` այ տեսեք ամսի 30-ին ինչ կլինի: Ամսի 30-ին բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ինչ է լինելու, ասաց` ի՞նչ եք ուզում. Բոլորս էստեղ միավորվել ենք և միակարծիք ենք: Դրանից ավել ինչ եք ուզում: Դրանով նրա քաղաքական կարիերան ավարտվեց»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: