Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ին կփոխի Մերձավոր Արևելքը. Նեթանյահու

Իսրայելի պատասխանը Գազայի հատվածից պաղեստինցի զինյալների աննախադեպ հարձակմանը «կփոխի Մերձավոր Արևելքը», երկուշաբթի հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է Reuters-ը:

«Այն, ինչի միջով կանցնի ՀԱՄԱՍ-ը, կլինի դժվար և սարսափելի: Մենք արդեն ճակատամարտի մեջ ենք և նոր ենք սկսել: Ես խնդրում եմ, որ դուք պինդ մնաք, քանի որ մենք փոխելու ենք Մերձավոր Արևելքը», – ասել է նա երկրի հարավում իշխանությունների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, իսկ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի փոթորիկ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Տեսանյութեր

Լրահոս