Ադրբեջանում «Խուրալ» թերթի գլխավոր խմբագրին դատապարտել են 9 տարվա ազատազրկման
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ավարտվել է ընդդիմադիր «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլըի նկատմամբ դատական գործընթացը:
Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը նրան դատապարտել է 9 տարի ազատազրկման: Բացի այդ, նրան արգելվել է մեկ տարով զբաղվել կոմերցիոն գործունեությամբ, ինչպես նաև խմբագիրը տուգանվել է 4076 մանաթով: Զեյնալլըն ձերբակալվել է 2011 թվականի հոկտեմբերին, նրա դեմ դատական գործընթացը մեկնարկել է 2012 թվականի մայիսին:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 311.3.3 (խոշոր չափի կաշառքի ստացում) և 311.3.4 (սպառնալիքի միջոցով դրամաշորթում), 306-րդ (դատարանի որոշման չկատարում) և 213.1 (զգալի ծավալով հարկերից խուսափում) հոդվածներով, ինչի համար և դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Ավելի վաղ դատախազը պահանջում էր նրան ազատազրկել 11 տարով: