Աբդուլլահ Գյուլին Ստոկհոլմում ուղղվել է Հայոց ցեղասպանության ճանաչման «օդային ուղերձ» (տեսանյութ)

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Շվեդիայի հայ համայնքը յուրովի է դիմավորել պաշտոնական այցով Ստոկհոլմ ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Երեկ Ստոկհոլմում տեղի ունեցած Գյուլի ընդունելության ժամանակ մասնավոր ինքնաթիռի միջոցով օդում ծածանվել է «Թուրքիա՛, ճանաչի՛ր 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառը:

Վերջինս տեղակայվել է Աբդուլլահ Գյուլի կողմից Թագավորական պալատ ժամանելուց առաջ: Շվեդ փորձագետները սա որակում են որպես թուրքական կողմին ուղղված շվեդական ժեստ: Աբդուլլահ Գյուլի շվեդական այցը համընկել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման տարեդարձի հետ:

Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձն ընդունել է 2010 թվականի մարտի 11-ին: Փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես ցեղասպանություն, ընդ որում` հիշատակված են ոչ միայն հայերի, այլև Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների և Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները.

«Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործունեություն ծավալի Եվրամիության և ՄԱԿ-ի շրջանակներում` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը ոչ միայն յուրատեսակ փոխհատուցում կհանդիսանա ազգային այն խմբերի ու փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք շարունակում են բնակվել Թուրքիայում, այլև կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս