Ֆոլկլենդյան կղզիները կշարունակեն մնալ բրիտանական անդրծովյան տիրույթ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամփոփվել են բրիտանական տիրույթ Ֆոլկլենդյան կղզում անցկացված հանրաքվեի արդյունքները: Դրանք վկայել են, որ կղզիների բնակիչների գերակշռող մեծամասնությունը քվեարկել է Ֆոլկլենդյան կղզիների՝ բրիտանական տարածքի կարգավիճակի պահպանման օգտին:
Այդ հանրաքվեն անցկացվել է մարտի 10-11-ին՝ կղզիների պատկանելության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի շարունակվող հակամարտության ֆոնին: Արգենտինան այդ կղզիներն անվանում է Մալվինյան և համարում է իրենը:
Կղզիաբնակները հանրաքվեի ժամանակ պատասխանել են հետևյալ հարցին. «Ցանկանո՞ւմ եք, որ Ֆոլկլենդյան կղզիները պահպանեն Միացյալ թագավորության անդրծովյան տարածքի քաղաքական ներկայիս կարգավիճակը»: Հանրաքվեի մասնակիցների 98.8 տոկոսը դրական պատասխան է տվել դրան: Հանրաքվեի մասնակցության ցուցանիշը կազմել է մոտ 92 տոկոս:
Ֆոլկլենդյան կղզիների պատճառով Մեծ Բրիտանիան ու Արգենտինան 74 օր պատերազմել են 1982 թվականին, ինչն ավարտվել է վերջինիս պարտությամբ: Այս կղզիների շուրջ հակամարտությունը վերստին սրվել է այն բանից հետո, ինչ 2010 թվականին բրիտանացիները սկսեցին կղզիների շուրջ իրականացնել նավթահանքերի հետախուզման աշխատանքներ: