Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Թայվանի իշխանությունները Գաոսյուն նավահանգստում ցուցադրել են կղզում ստեղծված առաջին սուզանավը։ Թայվանի նախագահ Ցայ Ինվենը հանդիսավոր արարողության ժամանակ մեկնարկ է տվել դրա փորձարկումներին: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նախագահը նշել է, որ դրա ստեղծումն արտացոլում է իրենց կղզին պաշտպանելու Թայվանի ժողովրդի վճռականությունը։
Սուզանավն ունի մարտական համակարգեր, որոնք մշակվել են ամերիկյան Lockheed Martin Corp ընկերության կողմից, և ԱՄՆ-ում արտադրված Mark 48 տորպեդներ։ Սուզանավը նախագծելու և հավաքելու համար պահանջվել է յոթ տարի, և հոկտեմբերից այն կսկսեն փորձարկել նավահանգստում և օվկիանոսում:
Ակնկալվում է, որ նոր սուզանավը սպառազինություն կմտնի 2025 թվականին՝ միանալով 1980-ականներին Նիդերլանդներից գնված ևս երկու սուզանավերի։ Թայբեյում ցանկանում են մինչև 2027 թ. տեղակայել սեփական արտադրության առնվազն երկու սուզանավ և ավելի ուշ մոդելները սարքավորել հրթիռներով։
Թայվանցի զինվորականները նշել են սուզանավերի հատուկ դերը կղզու արևելյան նավահանգիստների և Խաղաղ օվկիանոսի միջև հաղորդակցության ապահովման գործում:
Թայվանի հարցն առաջացել է 1949 թվականին, երբ հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ չինական Գոմինդան կուսակցության մի մասը հաստատվեց Թայվանում` կղզին անվանելով Չինաստանի Հանրապետություն Թայվանում։ Պեկինը պնդում է «մեկ Չինաստանի սկզբունքը», որի համաձայն չի կարելի միաժամանակ ճանաչել և՛ ՉԺՀ-ն, և՛ Չինաստանի Հանրապետությունը Թայվանում։