Հայաստանյան և ադրբեջանական ՀԿ-ները՝ ՀՀ տնտեսության դեմ. կոչ են անում Հայաստանում ներդրում չանել

Անկեղծ ասեք, ի՞նչ ասոցիացիա է առաջանում՝ «ադրբեջանցի բնապահպան» ասելով։ Իհարկե, Լաչինի միջանցքի փակումն անցյալ տարի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանների» կողմից, որն Արցախի հայաթափման սկիզբն էր։

Այս ասոցիացիան ծնվում է ցանկացած բանական հայի մոտ, բայց ոչ՝ հայկական բնապահպանական կազմակերպությունների։

Դժվար է պատկերացնել, որ այսօր կարող են լինել հայկական կազմակերպություններ, որոնք ադրբեջանական կազմակերպությունների հետ միասին որևէ բան կստորագրեն, առավել ևս կոչ՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ցանկացած խնդրի մասին, որ չի վերաբերում Արցախին ու արցախահայությանը։ Սակայն, պարզվում է, այդպիսիք կան։

Ընդ որում, նրանք այդ կոչը հրապարակել են Արցախում իրականացվող փաստացի ցեղասպանության օրերին։ Այս օրերին հայաստանյան մի շարք բնապահպանական կազմակերպություններ՝ «Էկոլուրը», Հայկական բնապահպանական ճակատը, և այլն, այլ զբաղմունք չեն գտել, քան մի քանի երկրների, այդ թվում՝ ադրբեջանական բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ ստորագրելու ինչ-որ կոչ՝ ուղղված «Վերակառուցման և զարգացման բանկին» (ՎԶԵԲ), որպեսզի ՎԶԵԲը հրաժարվի հանքարդյունաբերական ներդրումներից։

Կարդացեք նաև

«9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով»,- ասվում է հայտարարության մեջ:

Երբ հայաստանյան այդ նույն բնապահպանական կազմակերպությունների «թեթև» ձեռքով տարիներ շարունակ սևացվում ու վարկաբեկվում էր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը, մենք, հրապարակայնորեն զգուշացնելով, որ այդ մոտեցումը ոչ մի լավ տեղ չի տանի, այնուամենայնիվ, որպես կանոն, մտածում էինք, որ մարդիկ լավ չեն պատկերացնում՝  ի՞նչ բան է տնտեսությունը, ինչո՞ւ է կարևոր հանքարդյունաբերությունը Հայաստանի համար։ Բայց հիմա արդեն չենք կարող պատկերացնել, որ Արցախում ցեղասպանության ընթացքում ադրբեջանական «բնապահպանների» հետ կոչեր ստորագրելը միամտության հետևանք է: Դժվար է պատկերացնել, որ ամենատարբեր գրանտներից հաջողությամբ օգտվող հայկական ՀԿ-ներն այնքան անգրագետ են, որ չգիտեն, որ ոչ մի ադրբեջանական հասարակական կազմակերպություն չի ստորագրի ոչ մի հրապարակային փաստաթուղթ, առավել ևս՝ հայերի հետ, եթե դրա «դաբրոն» չի ստացել Ադրբեջանական հատուկ ծառայություններից և Ալիևից։

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ հասարակական կազմակերպությունները չեն հետևում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերական ծրագրերը, Ամուլսարը, ԶՊՄԿ-ն, Կապանի հանքը, Ախթալան։

Դժվար է պատկերացնել, որ հայաստանյան այս բնապահպաններն այնքան միամիտ են, որ չեն հասկանում, որ նաև այս՝ ՎԶԵԲ-ին ուղղված կոչը թիրախավորում է հենց Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Ադրբեջանն առանձնապես մեծ հանքարդյունաբերություն չունի, ոչ էլ՝ ՎԶԵԲ-ի մասնակցությամբ այդ հանքերի ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումը միայն մեզ է անհրաժեշտ։ Հետևաբար, միանգամայն պարզ է, թե ինչո՞ւ է Ադրբեջանական հատուկ ծառայություններն ադրբեջանական բնապահպաններին Լաչինի միջանցքը փակելուց հետո գործուղել այս անգամ էլ հայկական հանքերի դեմ պետիցիաներ ստորագրելու։

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ են դա անում մեր բնապահպանները, այն էլ՝ այս օրերին։ Պարզ չէ նաև, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի հատուկ ծառայությունները, որոնց մոտ այս գործողությունները կասկած չեն հարուցում։

Իսկ միգուցե և պարզ է։ Եվ պատասխանը բոլորովին միամտությունը կամ, առավել ևս, բնապահպանական մտահոգությունը չէ։

Տեսանյութեր

Լրահոս