Արևմուտքը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում այնտեղով Ադրբեջանից էներգետիկ մատակարարումներ ստանալու հեռանկարով. Վահե Դավթյան

Տարածաշրջանում ու հատկապես Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, այսօր Հայաստան ժամանեցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Հատկանշական է, որ Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը ժամանեց Հայաստան։

Միևնույն ժամանակ, անցած օրերին՝ սեպտեմբերի 23-25-ը, Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորությամբ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները նաև այցելել են Սյունիքի մարզ:

Քաղաքագետ, Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն ամենևին էլ պատահական չի համարում տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետություն, ամերիկյան տարբեր դիվանագիտական շրջանակների, փորձագիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների այցերի ակտիվացումը:

Նրա խոսքով՝ դրա նպատակն է Սյունիքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը, ինչը հետագայում նպատակ ունեն ծառայեցնելու իրենց շահերին:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ, օրերս ԵՄ-ն հայտարարեց Ադրբեջանից բնական գազի ներկրման ծավալներն ավելացնելու ծրագրերի մասին: Դավթյանի խոսքով՝ դա արվում է՝ ցույց տալու համար, որ Եվրոպային անհրաժեշտ է մատակարարումների դիվերսիֆիկացիա:

Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետի, քանի որ Վրաստանի տարածքով անցնող Հարավային գազային միջանցքն ունի խիստ սահմանափակ թողունակություն և չի կարող բավարարել կամ մասամբ դիվերսիֆիկացնել եվրոպական պահանջը, ապա այդ բացը փորձում են լրացնել նոր երթուղիներով:

«Եթե ուշադիր հետևեք, վերջին 2 տարիների ընթացքում, ադրբեջանական պաշտոնական խոսույթին, ակնհայտ կդառնա, որ և՛ Ալիևը, և՛ իրենց էներգետիկայի նախարար Շահբազովը պարբերաբար հայտարարում են, որ «Զանգեզուրի միջանցքը» մի կոնստրուկցիա է, որով Ադրբեջանը պատրաստ է էներգակիրներ, այդ թվում՝ նաև էլեկտրաէներգիա արտահանել դեպի արևմտյան շուկա: Սա այն է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր փորձում են «վաճառել» Արևմուտքին, զուգահեռաբար՝ նաև Չինաստանին»,- ասաց նա:

Ամերիկյան կողմի ակտիվացմանը, ըստ 168.am-ի զրուցակցի, նպաստել է նաև օրերս  ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մենենդեսի առաջարկած օրինագիծը, որով առաջարկվում է ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին:

«Շատ հետաքրքիր են հատկապես այդ ֆինանսական օգնության հիմնական ուղղությունները: Մոտ 10 մլն դոլար առաջարկվում է ուղղել հումանիտար աշխատանքներին, մոտ 20 մլն դոլար՝ ռազմական գործակցությանը, մոտ 50 մլն դոլար՝ գիտատեխնիկական գործակցության համար, և ամենահետաքրքիրը՝ առաջիկա 3 տարիների ընթացքում, տարեկան 650 մլն դոլար նախատեսվում է ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման համար: Սա այն գինն է, որն ամերիկացիներն այսօր փորձում են առաջարկել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության դիմաց»,- ասաց Վահե Դավթյանը:

Սրանից բացի, ըստ մեր զրուցակցի, Արևմուտքը Հայաստանի ներկա իշխանությունների դիմաց մի քանի պահանջ է դրել, այն է՝ անվտանգային համակարգի փոփոխություն, այսինքն՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայում: Սա, ըստ Դավթյանի, նշանակում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան: Որպես հավելում, նա չբացառեց հետագայում նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու տարբերակը:

Ըստ մեր զրուցակցի՝ համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների, արևմտյան կողմը դիտարկում է նաև տարածաշրջանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների ձեռքբերման տարբերակներ: Այս դեպքում խոսքը վերաբերում է նաև Գազպրոմին և երկաթուղուն, ինչը, ըստ նրա, բացասական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար:

«Պետք է մի պարզ բան հասկանալ: Լինելով Հարավկովկասի երկիր, դու չես կարող վերցնել ու պարզապես ամբողջությամբ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Դա ժամանակին փորձել է անել Վրաստանը, և այսօր տեսնում ենք, թե ինչպես է այդ երկրի իշխանությունը փորձում իրեն բալանսավորված դրսևորել, ինչը, ի դեպ, նրանց հաջողվում է: Տեսնում ենք Վրաստանում աճող ռուսական կապիտալի ազդեցությունն ու մասամբ նաև թուրքական կապիտալի դուրսմղման որոշակի փորձեր: Այսինքն, աշխարհաքաղաքականությունն ունի իր հստակ երկաթե օրենքները և հիմնված է աշխարհագրական սկզբունքների վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի դերակատարումն այս տարածաշրջանում, անկախ ամեն ինչից, շարունակելու է մեծ մնալ:

Ընդ որում, փորձագետի գնահատմամբ՝ ռուսական ազդեցության նվազման փորձերի արդյունքում առաջացած ռազմավարական վակուումը հետագայում լցվելու է ոչ թե արևմտյան, այլ տարածաշրջանում Արևմուտքի համար 1 գործընկեր Թուրքիայի ազդեցությամբ:

Ներկայացված իրավիճակում չհայտնվելու և առկա խնդիրների լուծման համար, ըստ Վահե Դավթյանի, Հայաստանին պետք են խորքային փոփոխություններ ու նոր իշխանություն, որն առկա իրավիճակում ունակ կլինի իր վրա պատասխանատվություն վերցնել:

«Հաշվի առնելով Հայաստանում առկա կադրային պոտենցիալը, մենք այդ հնարավորությունն այժմ ունենք: Խնդիրը միայն այն է, որ նմանատիպ պատասխանատվություն կրելուն ունակ բոլոր այդ մարդիկ չունեն քաղաքականության մեջ իրենց խոսքն ասելու գլխավոր նախապայմանը՝ ռեսուրսը»,- ասաց նա՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին այդպիսի մարդկանց ավելի շատ ներգրավել իրականացվող գործընթացներում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս