Արմավիրի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին ասված է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:

«Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, կարևորելով իր այցը Արմավիրի մարզ, նշել է, որ ցանկություն ունի ճանաչել մարզը, բացահայտել մարզի ներուժը՝ հետագա ռազմավարական ծրագրերի մշակման և դրանց իրականացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խթանման ու ընդլայնման հեռանկարների մասին։

Մարզպետն իր խոսքում նշել է, որ կարևորում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, ունի մեծ ներուժ և հնարավորություններ ինտենսիվ գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, գինեգործության, կրթամշակութային, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և ներդումների ներգրավման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար, ուստի ակնկալում է դեսպանի աջակցությունը ՀՀ Արմավիրի մարզի տնտեսությանը մոտ կամ համագործակցելու այլ արդյունավետ եզրեր ունեցող Ֆրանսիայի որևէ վարչատարածքային միավորի միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։

Հանդիպման վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և Ֆրանսիայի ժողովրդին, ովքեր մշտապես կանգնած են Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ հատկապես կարևորելով այս դժվար ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած մարդասիրական օգնությունը»,- նշված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս