Գոնե պատերազմից հետո մի քիչ համեստ պիտի արտահայտվենք մեր մասին, ոչ թե պոռոտախոսենք, թե նորից հաղթելու ենք․ Վահրամ Սահակյան

Համարյա բոլոր մտահոգ մարդիկ այսօր հարցնում են՝ ո՞վ է հենց այսօրվա հայը, ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Տասնամյակներ շարունակ տեսել եմ, որ փոքրուց երեխային դաստիարակում ու փչացնում են, և երբ ծնվում է, ասում են՝ դու հայ ես, լավն ես, ոսկի ձեռքեր ունես, երեխան էլ մտածում է, որ իրեն բախտ է վիճակվել այսպես ծնվելու, էլ ինչո՞ւ աշխատի, փորձ ձեռք բերի, արհեստ կամ արվեստ սովորի։ Այսօր հասել ենք մի կետի, երբ ինքներս էլ չենք հասկանում՝ մենք ո՞վ ենք, ի՞նչ պատմական ուղի ենք անցել, ի՞նչ է կատարվել մեզ հետ։ Գոնե պատերազմից հետո մի քիչ համեստ պիտի արտահայտվենք հայ լինելու մասին։ Հայերի մեծ մասն ապրում է արտասահմանում, նրանք լրիվ այլ լրատվական դաշտում են, այլ բան են տեսնում։ Նրանց հարևանները, որոնք գիտեն իրենց հայ լինելու մասին, ստիպում են այդ մարդկանց վատ զգալ իրենց ինքնության համար։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։

«Ողջամիտ մարդն այս դժբախտություններից հետո ներամփոփված է ինքն իր մեջ, խորհում է, մտածում, ոչ թե պոռոտախոսում, թե իբր հաղթելու ենք։ Մեր բոլոր դժբախտությունների առաջին պատճառը «նոր Սարդարապատ» ասողներն են։ Հայեր կան, որոնք կասկածելի հարթակների ազդեցությամբ ասում են՝ Թուրքիան կործանվում է, նրանք արդեն հին մարդիկ են, արդիական չեն։ Նրանք կեղտոտ էներգիա են ստացել և այն գործի են դնում։ Պետք է խոսել ոչ թե այն մասին, որ այդ անձինք նման նյութեր են նայում, այլ, թե ինչպես են վերաբերվում իրենց հարևանին, ընկերոջը, ընտանիքին։ Այսօրվա սփյուռքահայերը կարող են տասը րոպե խոսել և ընդամենը երկու-երեք բառ ասել՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Հարցնում ես՝ կարո՞ղ ես մի բան ասել շրջափակված Արցախի մասին, ասում է՝ այո՛, Արցախը շրջափակված է լեռներով, գեղեցիկ անտառներով։ Ասում ես՝ Հայաստանի համաձայնությամբ թշնամին շրջափակել է Արցախը, ասում են՝ հայի ոգին»,- ասաց դերասանը։

«Երբ ասում են՝ հայի տեսակ, կարծես շան մասին խոսեն։ Ի՞նչ է նշանակում՝ սա տեսակի պայքար է։ Անգամ մկները տեսակ չունեն, տեսակ ունեն շները, ձկները։ Դուք շո՞ւն եք, թե՞ ձուկ։ Ի՞նչ պայքարող տեսակ։ Մինչև 2018 թվականն ամբողջ հայությունը կազմակերպեց այս արհավիրքը։ Մարտի 1-ի օրերին լրագրողներն ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ ժողովրդի հետ չեք։ Բակում նստած կոշկակարը, մանկապարտեզի աշխատողը, պատշար բանվորը ժողովուրդ չե՞ն, հանրահավաքի գնացած ոռնացո՞ղն է ժողովուրդը։ Ո՞վ այդպես կառուցեց՝ այդ մարդի՛կ։ 2018-ի «դմփ-դմփ-հու»-ի օրերին ինձ դարձյալ դիմում էին նույն հարցով, իսկ հիմա դարձել են թունդ հակաիշխանական։ Հայաստանում չկա մի ներկայացում, ֆիլմ, արվեստի գործ, որն այսօրվա մեր կյանքի մասին է, միայն հիմար կատակերգություններ, ընտանեկան դրամաներ, սթենդ-ափներ, որոնց ամենացավոտ թեման հայերի փողոց անցնելը կամ ուտելն է»,- նշեց Սահակյանը։

Թատերագրի կարծիքով՝ հայ մեծերը՝ Թումանյանը, Չարենցը, Անդրանիկը, Նժդեհը, պատիվ են պահանջում, քանի որ իրենց կյանքը տվել են հայ ժողովրդին և ուզում են իմանալ՝ ո՞վ է այսօրվա հայը․ «Մեկը մի վատ բան է անում, ասում են՝ նա հայ չէ։ Բա այդքան մարդ սրան էր պաշտպանում, աջակցում էր այս հայրենադավ ուժերին։ Այսօրվա հայն ամեն ինչի մեջ մտած է, ամեն ինչ գիտի։ Ասում է՝ մենք համեստ ենք ու համբերատար սպասում ենք, որ նախկին թալանչիներից խլած դղյակներն ու փողերը հանձնեն մեզ։ Իրեն չորս հատ է հասնում, հո տասը չի՞ ուզում, քչով է բավարարվում։ 2018-ին չորս օր փողոց է փակել, չորս դղյակ է հասնում։ Մեծ մարդ է, հավատում է, որ իրեն դղյակ է հասնելու, դե, մեր ազգին հավատն է փրկել դարերի ընթացքում»:

«Մարդը պիտի հասկանա սեփական սխալ արարքները, պիտի իմանա, որ մյուս անգամ չընկնի նույն որոգայթը, արհամարհի այն։ Ասում են՝ մենք՝ հայերս, այսպիսին ենք եղել, քննադատում են ուրիշ ժողովուրդների, օրինակ՝ հրեաներին, անվանում են քոչվորներ։ Անկախության բաղձալի օրվանից մինչև 2000 թվականը՝ տասը տարվա ընթացքում, 800 հազար մարդ լույսի ու գազի պակասության պատճառով թողել ու քոչել է այս երկրից։ Բայց լույսի ու գազի պակասի պատճառով 1948-ից ի վեր Իսրայելից որևէ հրեա չի գնացել։ Չկա մի վրացի ոստիկան, որը զոհված զինվորի մոր կծեծի»,- ամփոփեց Վահրամ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս