«Թող 100.000 հոգի դուրս գա փողոց, տեսնեմ՝ բան չի փոխվելո՞ւ. էն էլ ոնց կփոխվի». Կարինե Նալչաջյան
Հոգեբան Կարինե Նալչաջյանն այն կարծիքին է, որ ժողովրդի դիրքորոշումից շատ բան է կախված:
«Տեսեք՝ առջևում ընտրություններ են, իշխող կուսակցությունն ունի բոլոր լծակները, բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում, որ եթե այդքան ամեն ինչ կանխորոշված է, և այդպես իրենք կարող են ինքնավստահ լինել հաղթանակի համար, ինչո՞ւ են ընկել փողոցները, մտնում մարդկանց բակերը: Մարդկանց թող չթվա, որ իրենց դիրքորոշումից ոչինչ կախված չէ: Ի վերջո, հենց մարդկանց դիրքորոշումից է կախված: Ի՞նչ իմանաս՝ եթե արցախցիներն այդ աստիճանի արժանապատիվ ու տոկուն չգտնվեին, ի՞նչ զարգացումներ կլինեին: Հիմա որոշակի դրական սպասումներ մենք տեսնում ենք, թեպետ ամբողջ հարցն այն է՝ ինչ կլինի հետո: Մենք այնքան բարդ ժամանակներում ենք ապրում, թշնամին այնքան է մխրճվել մեր մեջ, որ պետք է շատ զգույշ լինել՝ նոր ծուղակների մեջ չընկնելու համար: Մենք Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ իշխող խմբակի դիրքերը շատ թուլացած են, իրենք հասարակական տեսակետից թիկունք չունեն, բայց նախապատրաստվում են այլ ուժեր, որոնք պակաս վտանգավոր չեն, քան սրանք: Այս իմաստով, պետք է շատ աչալուրջ լինել՝ նոր ծուղակների մեջ չընկնելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Այսօր հայության արժանապատվությունը փրկում է արցախցին՝ իր տոկունությամբ: Արցախցին այսօր օրինակ է ծառայում, պետք է վերցնել այդ օրինակը: Ուղղակի պետք է պատկերացնել՝ հաց չկա, երեխադ քաղցած է, ուտելու բան չես կարող տալ երեխայիդ, դա այնքան ծանր ապրում է, որ դրանից այն կողմ կարծես բան չկա, թշնամին հենց դրա վրա էլ իր հույսը դրել է, որ այնքան քաղցած կմնան, որ բոլոր դռները կբացեն, չեն նայի՝ ով է, ինչ է, բայց արցախցին հակառակն է ցույց տալիս: Եվ սա փրկում է հայերի պատիվը: Էմոցիաները վարակելու հատկանիշ ունեն, և ես շատ հույս ունեմ, որ այս մտածելակերպը, արցախցիների այս կայունությունն ու տոկունությունը կփոխանցվի նաև մեզ, և մեր ժողովուրդն այդքան անցանկալի թմբիրից կարող է արթնանալ»,- ասաց նա:
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր, մեր երկրի, մեր հայրենիքի ճակատագիրը: «Թող 100 հազար հոգի լցվի հրապարակներն ու փողոցները, տեսնեմ՝ բան չի փոխվելո՞ւ. էն էլ ոնց կփոխվի: Արցախն ինչ-որ մի պահի իրեն շատ լքված է զգում, երևի մտածում են՝ Հայաստանի ժողովրդին էս ի՞նչ եղավ, մի՞թե բոլորը մեզ դավաճանեցին, մի՞թե բոլորը միանգամից երես թեքեցին. Հաստատ այդպես չէ: Ուղղակի Հայաստանի ժողովուրդն էլ է հուսահատության մեջ, ինչ հարված ասես՝ այստեղի ժողովրդի գլխին էլ է գալիս, բայց բոլոր դեպքերում, մենք պետք է տեր կանգնենք մեր ճակատագրին: Մարդուն կարող է թվալ՝ դե լավ, ես դուրս չգամ փողոց, ոչինչ, բայց ո՛չ, պետք է գնալ՝ տեր կանգնել: Մեծ բազմությունը երբ հեղեղում է քաղաքների փողոցներն ու հրապարակները, իշխանությունները տեղի են տալիս: Նույնիսկ դրսի ուժերը, որ թվում է՝ հզոր են, անհաղթահարելի են, իրենց ձեռքին ինչ լծակներ ասես՝ կան, ո՛չ, իրենք կընկրկեն դրա առաջ: Մեզ շատ լավ օրինակ են ցույց տալիս Արցախի մեր հայրենակիցները»,- ասաց նա՝ կոչ անելով միանալ սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում