«Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին». Անդրիաս Ղուկասյան
«Մենք դեռ ամբողջությամբ չունենք պատկերացում Վարդան Սեդրակյանի քաղաքական առաքելության մասին, իսկ Վարդան Սեդրակյանն ուներ քաղաքական առաքելություն: Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին: Դա կարող է լինել, օրինակ, կոմպրոմատ բնույթի տեղեկություններ կամ ապացույցներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքերով, այդ տեղեկությունները կամ ապացույցները կարող են առնչվել «Մհերի դուռ» կազմակերպության հետ, քանի որ, ըստ Անդրիաս Ղուկասյանի, վերջին օրերին կարծես թե կապն արդեն Վարդան Սեդրակյանի, Գառնիկ Իսագուլյանի և այս կազմակերպության միջև ուրվագծվում է: Նախագահի նախկին թեկնածուի կարծիքով, եթե գործում է այդ սցենարը, ապա բնական է, որ Վարդան Սեդրակյանը դառնում է իշխանությունների համար վտանգավոր, և անհրաժեշտ է նրան մեկուսացնել: Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ ինքը ևս մյուսների նման կարող է ընդամենը ենթադրություններ անել, սակայն, թե որքանով դրանք մոտ կլինեն իրականությանը, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ առաջին հայացքից՝ այս ամբողջ պրոցեսն անտրամաբանական է:
«Պետք է նշել, որ հանրության համար սա անհասկանալի իրադրություն է: Իսկ եթե քաղաքական պրոցեսն ուղղորդվում է նման անհասկանալի իրադարձություններով, նշանակում է՝ երկրում բացակայում են ազնիվ, թափանցիկ պայմաններ ընտրությունների անելու համար, դա բնորոոշ է շինծու ընտրական պրոցեսներին»,- եզրափակեց նախագահի նախկին թեկնածուն:
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կալանավորվել էր երեկ, իսկ այսօր արդեն ԱԱԾ-ն նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանությունը պատվիրելու մեղադրանք է առաջադրել նրան: