Ինչ կկատարվի ՀՀ արտահանման շուկայում, երբ ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցները թուլանան

Վերարտահանումը տնտեսության կարճաժամկետ մրցունակությունն է արտահայտում, ոչ թե երկարաժամկետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` անդրադառնալով 2023 թ առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ն առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 մլն դոլարի առևտրային ավելցուկ։

«Բոլորն էլ հասկանում են` եթե պատերազմը (հատուկ ռազմական գործողությունն Ոկրանայիում,–խմբ.) ավարտվի կամ արևմտյան պատժամիջոցները թուլանան, նման ծավալի արտահանում ՀՀ–ն էլ չի կարող իրականացնել»,– նշեց տնտեսագետը։

Ըստ նրա` խնդիրն այն է, որ մենք ոչ թե մեր արտադրած, այլ դրսից ներկրած ապրանքների վրա ենք ապավինում` հանդիսանալով ընդամենը միջնորդ։

Տնտեսագետի կարծիքով` աշխարհաքաղաքական այս փուլում ՀՀ տնտեսությանն աջակցությունն այն կլիներ, որ մեր ավանդական ուղղություններով կարողանային արտադրողականությունը բարձրացնել։ Ըստ նրա` առաջին հերթին դա վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, որոնց առումով ունենք մեծ պոտենցիալ ու զգալի չափով չօգտագործված ռեսուրսներ։

Ինչ վերաբերում է վրացական կողմի` դեպի ՌԴ մեքենաների արտահանման արգելքին, ապա Արմեն Քթոյանը համոզմամբ` դա լուրջ ազդեցություն չի ունենա ՀՀ տնտեսության վրա։

Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ավտոմեքենաները Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։

«ՀՀ–ն մեքենա արտադրող երկիր չէ, և այստեղ խոսքը երկրոդային` վերավաճառքի շուկային է վերաբերում։ Ընդ որում,վերավաճառքի հնարավորություններն արդեն իսկ էականորեն սահմանափակվել են, ու այդ շուկան էլ չունի այն նույն ակտիվությունը, ինչ ուներ մեկ կամ կես տարի առաջ»,– նկատեց Քթոյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև նրան, որ մյուս ապրանքախմբերի մասով ևս կլինեն նման սահմանափակումներ, քանի որ Եվրոպան բավականին մեծ խանդով է վերաբերվում նրան, որ ՀՀ–ն հանդես է գալիս որպես պատժամիջոցները շրջանցող երկիր։

Բացի այդ, Քթոյանի դիտարկումներով, մեքենաների առուվաճառքի բիզնեսն իր անկման փուլում է. շատերը կա՛մ դրանով այլևս չեն զբաղվում, կա՛մ շատ փոքր ծավալներ են դրանք կազմում։

Հիշեցնենք` վերջին երկու տարում Հայաստանից մի քանի տասնյակ հազար մեքենա է դուրս բերվել, որոշ տվյալներով՝ մինչև 100 հազար, ընդ որում՝ գրեթե բոլոր մեքենաները եղել են 2 և ավելի լիտր ծավալով շարժիչներով։ Արգելքի հետևանքով վերարտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն, ենթադրվում է, որ կրճատումը կկազմի մինչև 80 տոկոս։

Տեսանյութեր

Լրահոս