Մալակկայի նեղուցում պատահաբար միմյանց են հանդիպել իրանական ու ամերիկյան ռազմանավերը
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի 24-րդ նավատորմիկը մարտի 4-ին խարիսխ է գցել Չինաստանի Չժանցզյագան նավահանգստում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ օպերատիվ հարցերով տեղակալ, դերծովակալ Սիավաշ Ջարեհը:
24-րդ նավատորմիկը բաղկացած է «Սաբալան» ֆրեգատից ու «Խարգ» ուղղաթիռակրից: 24-րդ նավատորմիկը, 40 օրում հաղթահարելով 13.000 կիլոմետր, մուտք է գործել Հարավ-չինական ծովի ափին ընկած Չժանցզյագան նավահանգիստ:
Իրանցի դերծովակալի խոսքերով՝ իրանական ռազմանավերը Չինաստանին ու Հարավ-արևելյան ասիայի մյուս երկրներին բերել են Իրանի խաղաղության ու բարեկամության ուղերձը. «Չինաստան մեկնելիս 24-րդ նավատորմիկն անցել է Մալակկայի նեղուցով: Իրենց ճանապարհին իրանցի ծովայինները ֆիքսել են 1180 առևտրային նավ ու նավթ տեղափոխող լցանավ, ինչպես նաև ավելի քան 120 ռազմանավ:
Մալակկայի նեղուցով անցնելիս ամերիկյան ռազմանավը, որի կորպուսին եղել է DDG10624 համարը, պատահաբար իր ճանապարհին հայտնաբերել է Իրանի ռազմածովային ուժերի 24-րդ նավատորմիկին և խնդրել է թույլատրել ավելի մոտենալ իրանական ռազմանավերին:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մալակկայի նեղուցում ու Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում իրանական ռազմանավերի ներկայությունը լիովին անսպասելի է եղել ամերիկյան էսկադրոնային ականակիրի համար»:
Հիշեցնենք, որ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո Իրանն առաջին անգամ է իր ռազմանավերն ուղարկում Խաղաղ օվկիանոս՝ հայտարարելով, որ միջազգային ջրերը պատկանում են բոլորին: