Մուրադ Փափազյանը չի մասնակցել այն ակցիաներին, որոնք վկայակոչել է կառավարությունը. Սիրանուշ Սահակյան

Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր երաշխավորեց՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, Մուրադ Փափազյանի հեռավար մասնակցության իրավունքը՝ իր գործով նիստերին:

Հերթական նախնական դատական լսումներից հետո Մուրադ Փափազյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև հնարավոր էր կազմակերպել պաշտպանյալի ֆիզիկական ներկայությունը, այդուհանդերձ, դրական գնահատեց գոնե այս տարբերակով նրա ներկայությունն ապահովելը:

«Անձը ՀՀ անվտանգությանը, շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որն ուղղված է եղել ոչ թե ՀՀ, այլ հանրային իշխանություն կրող որոշ պաշտոնյաների դեմ, և այստեղ ՀՀ շահը նույնացվել է պետական-քաղաքական գործիչների մասնավոր շահերի հետ:

Այդ է պատճառը, որ մենք սա վիճարկում ենք, ընդ որում, չենք սահմանափակվելու ՀՀ ազգային դատարաններով: Ապավինում ենք, որ, այո՛, հնարավոր է՝ որոշակի լուծումներ ստանալ ՀՀ-ում, բայց եթե անգամ դրանք չստացվեն, մենք երկարաժամկետ ենք գործընթացին վերաբերվում, և այս խնդիրները բարձրաձայնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- գործին անդրադառնալով՝ նշեց Սիրանուշ Սահակյանը:

Կարդացեք նաև

Պաշտպանն անդրադարձավ նաև Փաշինյանի աշխատակազմի տարածած պարզաբանում-հաղորդագրությանը, թե «տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը»:

«Վստահորեն կարող եմ ասել, որ Մուրադ Փափազյանը ներգրավված չի եղել և չի մասնակցել անգամ այն ակցիաներին, որոնք վկայակոչել է կառավարության աշխատակազմը»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նախորդ տարի հուլիսի 14-ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Զվարթնոց» օդակայանում արգելել են իր մուտքը Հայաստան:

«Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա իմացա նաև, նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ…

Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարուան պայքարէ ետք նման կացութեան «արժանանալը» ուղղակի ցաւ կը պատճառէ զիս: Նիկոլ Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ մըն է, որ ան իրեն տրուած պատասխանատուութեան բարձրութեան վրայ չէ»,- նշել էր ֆրանսահայ գործիչը:

Միջադեպից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից եղավ պարզաբանում միջադեպի առնչությամբ:

«Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը»:

168.am-ը կապ էր հաստատել Ազգային Անվտանգության ծառայության լրատվական բաժին՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ԱԱԾ-ն հաստատում է վարչապետի աշխատակազմի տարածած պարզաբանումը, ի պատասխան՝ ԱԱԾ-ից տեղեկացրել էին. «Ինչ որ կա պաշտոնական հաղորդագրությամբ, ղեկավարվում ենք դրանով. դրանից ավել ինֆորմացիա չենք կարող»: Դիտարկմանը, թե Մուրադ Փափազյանը պաշտոնական հաղորդագրության մեջ նշված ամսաթվից՝ 2021 թ. հունիսի 1-ից հետո պարբերաբար եղել է Հայաստանում, ինչո՞ւ է նրա՝ ՀՀ մուտքն արգելող որոշումը կայացվել հուլիսի 13-ի այցի ժամանակ միայն, ԱԱԾ աշխատակիցն արձագանքեց՝ այդ հարցերին բանավոր չեն կարող պատասխանել:

168.am-ը գրավոր հարցում էր ուղղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, և ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել էին. «Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն մինչև նրա վերջին այցը՝ չի սահմանափակվել, քանի որ մինչև այդ առկա տեղեկությունների վերլուծության արդյունքում «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը բացակայել են:

ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած այլ անձի վերաբերյալ տեղեկությունը չի կարող տրամադրվել՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (այն է՝ «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։- Զ․Դ․) :

Ի դեպ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մեզ հետ զրույցում հերքել էր իրեն վերագրվող պաշտոնական մեղադրանքները՝ նկատելով. «Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»:

2022 թվականի հոկտեմբերի 22-ին տեղեկացել էինք արդեն, որ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով՝ պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Այսօր հերթական դատական նախնական լսումներից առաջ Մուրադ Փափազյանը գրել էր. «Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Հայաստան։

Տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական ​​գաղտնիքը»։ Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե և Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը և Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են»:

Տեսանյութեր

Լրահոս