Հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը հասել է 1 միլիոնի. ՄԱԿ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը հասել է 1 միլիոնի: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունում.
«Սիրիայից փախել է մեկ միլիոն մարդ: Բացի այդ, միլիոնավոր մարդիկ համարվում են ներքին տեղահանվածներ: Յուրաքանչյուր օր Սիրիայի սահմանը հատում են հազարավոր անձինք: Սիրիայում առկա իրավիճակը վերածվում է լայնամասշտաբ աղետի: Պետք է կանգնեցնել այդ աղետը: Վերջին ամիսներին կտրուկ մեծացել է սիրիական հակամարտությունից փախչող մարդկանց հոսքը:
Միայն այս տարի Սիրիայի սահմանները լքել է մոտ 400.000 մարդ: Նրանց մեծ մասը ապաստան է գտել Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում: Այդ երկրները շարունակում են բաց պահել իրենց սահմանները՝ չնայած նան, որ գնալով նրանց համար ավելի է բարդանում փախստականների՝ այդպիսի մեծ քանակ ընդունելը:
Օրինակ, 4 միլիոնանոց Լիբանանում բնակչության թվաքանակը սիրիացի փախստականների հաշվին աճել է 10 տոկոսով: Իսկ Թուրքիայի կառավարությունը մոտ 600 միլիոն դոլար է ծախսել ճամբարների վրա՝ սիրիացի փախստականներին տեղավորելու համար»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 մարդ: