Բաժիններ՝

ԱՄՆ-ը հորդանանյան անապատում ստեղծել է ռազմաբազա՝ սիրիացի ապստամբներին նախապատրաստելու համար

Իտալական Corriere Della Sera թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հորդանանյան անապատում ստեղծել է քաղաքի տեսք ունեցող ռազմաբազա: Այստեղ տարվում է սիրիացի ապստամբների մարտական նախապատրաստություն, որոնք գրեթե երկու տարի է, ինչ մարտնչում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ:

Այդ ռազմաբազան գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից դեպի հյուսիս: Այստեղ գտնվում է 67 շինություն, այդ թվում նաև օդանավակայան, կեղծ դեսպանատուն, ճանապարհներ, թռիչքուղի ու տարբեր տիպի զենքերի հմտություններից օգտվելու կենտրոն:

Հենց այստեղ են ամերիկացի, ֆրանսիացի ու բրիտանացի զինվորականները նախապատրաստում սիրիացի ապստամբներին: Վերջիններս մասնավորապես յուրացնում են հակատանկային համակարգերից օգտվելու հմտությունները, քաղաքային պայմաններում մարտական գործողություններ վարելու կանոնները, դարաններ պատրաստելը, բանակային սովորական ստորաբաժանումներին դիմակայելը, մարտավարության կիրառումը:

Նշվում է, որ հորդանանյան բազան կարող է օգտագործվել որպես «ցատկահարթակ»՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձանում բազավորված ամերիկյան Delta Force հատուկ նշանակության զինծառայողների համար: Վերջիններս ակնդետ վերահսկողություն են իրականացնում Ասադի քիմիական զենքի ապաստարանի նկատմամբ: Եթե տվյալ ոլորտում գրանցվեն կասկածելի տեղաշարժեր, ապա նրանք իրենց գործողությունների համար օգտվելու են Հորդանանում եղած ռազմաբազայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս