Վենեսուելան նոր էջ է բացում իր պատմության մեջ. Բարաք Օբամա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ, մեկնաբանելով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահը, հայտարարել է, որ Վենեսուելան նոր էջ է բացում իր պատմության մեջ.
«Նախագահ Ուգո Չավեսի մահվան հետ կապված այս բարդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ը հաստատում է իր աջակցությունը Վենեսուելայի ժողովրդին: ԱՄՆ-ը շահագրգռված է Վենեսուելայի կառավարության հետ կառուցողական հարաբերություններում:
Դրա հետ կապված՝ Վենեսուելան նոր գլուխ է բացում իր պատմության մեջ, ԱՄՆ-ը հաստատում է ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների նկատմամբ իր հավատարմությունը»:
Ռուսական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Օբամայի հայտարարությունում բացակայում են ցավակցական խոսքերը: Միևնույն ժամանակ ամերիկացի կոնգրեսականները Վենեսուելայի քաղաքացիներին կոչ են արել ստեղծված իրավիճակն օգտագործել որպես երկրի ճակատագիրը փոխելու հնարավորություն:
Չավեսի մոտ ուռուցք է հայտնաբերվել 2011 թվականի կեսերին և գրեթե երկու տարի նա պայքարեց ուռուցքի դեմ, սակայն երեկ իր մահկանացուն կնքեց 58 տարեկանում: Նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու ուրբաթ: Վենեսուելայի իշխանությունները 7-օրյա սուգ են հայտարարել՝ կապված Չավեսի մահվան հետ: