«Շուտով սեպտեմբերի 1-ն է, ունեցած գումարով կկարողանամ միայն երեխաներիս կոշիկներ գնել, չգիտեմ՝ մնացածն ինչպես է լինելու». Արցախցի բազմազավակ մայր
Արցախը, 246-րդ օրն է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից, հազարավոր բազմանդամ ընտանիքներ հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ խանութներում այլևս մթերք չկա։ Հունիսի 15-ից սկսած Արցախ որևէ հումանիտար բեռ չի մտել, հազարավոր երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր գրեթե մատնված են սովի։
Ստեփանակերտում բնակվող Նարինե Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը մի կերպ է կարողանում հաղթահարել շրջափակման դժվարությունները՝ 5 երեխաների մայրն արդեն չգիտի՝ ինչպես լուծի երեխաներին կերակրելու հարցը։
«Այս պահին ես՝ հինգ երեխաներիս, ամուսնուս, ամուսնուս մայրիկի և ամուսնուս եղբոր հետ, բնակվում եմ Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ։ Այս ամբողջ ընթացքում շատ դժվարություններ ենք ունեցել, որոնց հաղթահարումը սարսափելի է։ Ապրելը դժվար է, խանութներում ապրանք չկա, մի քանի բան էլ եթե գտնում ենք, շատ թանկ է։ Մեր տան միակ եկամուտը երեխաներիս նպաստն է և ամուսնուս հաշմանդամության թոշակը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Գրիգորյանը։
Ըստ նրա, մեկ այլ դժվարություն է առաջացնում այդքան հոգսերի հետ հացի հերթ կանգնելը, անվերջ սպասելը։
«Երեխան մի բան է ուզում, փոքր է, ես չեմ կարող բացատրել, որ չկա, ոչինչ չենք կարողանում գտնել։
Մինչև շրջափակումը ամեն ինչ շատ լավ էր, ամուսինս աշխատում էր, մենք մեզանով կարողանում էինք եկամուտ ունենալ ու ապրել։
Շուտով սեպտեմբերի 1-ն է, իմ ունեցած գումարով կկարողանամ միայն երեխաներիս համար կոշիկներ գնել, մնացածը, ես չգիտեմ՝ ինչպես է լինելու՝ հագուստ, գրենական պիտույքներ, պայուսակներ և այլն։
Իհարկե, շատ դժվար է, իսկապես օրվա հացի խնդիրը մի կերպ ենք կարողանում լուծել, բայց ես իմ հույսը, միևնույն է, չեմ կտրում՝ Աստված մեծ է, մի հրաշք պիտի լինի, ու իմ երեխաներն աշխարհի մյուս երեխաների նման նորմալ կյանքով կապրեն, հավատում եմ»,- եզրափակեց Նարինե Գրիգորյանը։
Հ.Գ. Նարինե Գրիգորյանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարին՝
«Արցախ բանկ»՝ 9051350200988374