«Այլ տարբերակ ունե՞նք, պիտի դժվարությունները հաղթահարենք. եթե Հայաստանում ձեռքերը թափ չտան ու մեզ միայնակ չթողնեն՝ իրավիճակը կփոխենք». Ավդուռի գյուղապետ

Արցախի Հանրապետությունը, 243-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, մոտավորապես 2 ամիս է՝ որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։ Ճգնաժամն աստիճանաբար խորանում է, հատկապես այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը սկսել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից հայ տղամարդկանց առևանգել ու տեղափոխել Բաքու։

Շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը նպատակադրված կրակում է խաղաղ բնակիչների ուղությամբ, որոնք դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում։

168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի ղեկավար Վարուժան Գրիգորյանն ասաց, որ այս պահին դեռ կարողանում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել՝ հունձքի շրջան է։

«Շրջափակումն իր հետ մեծ դժվարություններ է բերել, բայց դեռ կարողանում ենք հաղթահարել, այլ տարբերակ ունե՞նք, պիտի այս դժվարությունները հաղթահարենք աստիճանաբար։

Կարդացեք նաև

Փառք Աստծո, այս պահին հունձ ենք անում, դե մերը հիմնականում գարին է, դա էլ ալյուրի հետ խառնելը մի քիչ դժվար է, մի սորտ էլ ունենք, որ գյուղում դրանից ալյուր են անում»,- նշեց Ավդուռի գյուղապետը։

Վարուժան Գրիգորյանի խոսքով՝ գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի, հակառակ դեպքում շատ բերք կմշակեին ու Ստեփանակերտի բնակչությանն էլ կօգնեին։

«Ոռոգման ջրի խնդիր ունենք, միայն խմելու ջուր ունենք, դա էլ հազիվ ենք կարողանում բակերում դրած բերքը ջրել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է  իրավիճակի լուծման հնարավորությանը, Վարուժան Գրիգորյանն ասաց, որ այս պահին դա ամենադժվար հարցն է։

«Նման իրավիճակում միակ ճանապարհը միասնականությունն է, եթե Հայաստանում ձեռքերը թափ չտան ու մեզ միայնակ չթողնեն, իրավիճակը կփոխենք, այլ ճանապարհ ես չեմ տեսնում»,- եզրափակեց Ավդուռի գյուղապետը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետությունը 243 օր գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, 120.000 արցախահայեր հումանիտար աղետի մեջ են։ Ադրբեջանը փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, թույլ չի տալիս, որ որևէ հումանիտար բեռ մտնի Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։

Տեսանյութեր

Լրահոս