Բաժիններ՝

Անվանի մարզիկները միջնորդել են ՀՀ գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Անվանի մարզիկներն ակնկալում են, որ, հաշվի առնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում, կփոխվի որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։

Մարզիկների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գլխավոր դատախազ, մենք՝ Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներս և մարզական աշխարհի ներկայացուցիչներս, խորապես մտահոգված ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կալանավորմամբ։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանը ոչ միայն բացառիկ երաժիշտ է, այլև հայկական մշակույթի փարոս, ով իր ողջ կյանքի ընթացքում աշխարհին ցուցադրել է հայ ազգի հարուստ ժառանգությունը: Նա մշտապես ցուցաբերել է անմնացորդ նվիրվածություն իր արվեստին` վաստակելով չեմպիոնի տիտղոս դասական երաժշտության ոլորտում: Նրա ներդրումը ոչ միայն հարստացրել է Հայաստանի մշակութային ինքնությունը, այլև ոգեշնչել բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների ամբողջ աշխարհում:

Որպես Հայաստանը տարբեր միջազգային սպորտային մրցաշարերում ներկայացրած մարզիկներ, մենք խիստ կարևորում ենք այդ դերը ստանձնած ցանկացած գործչի գործունեություն: Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում։

Արթուր Ալեքսանյան – Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Արմեն Նազարյան – Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Տիգրան Պետրոսյան – Շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր

Վիկ Դարչինյան – Աշխարհի իննակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ

Արթուր Աբրահամ – Աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ

Մալխաս Ամոյան – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Ռոման Ամոյան – Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Արսեն Հարությունյան –Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ)

Վաղինակ Գալուստյան – Աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Եղիշե Մելիքյան – «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Կարեն Մնացականյան – Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) »։

Նախօրեին Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ գլխավոր դատախազին էին դիմել նաև մի խումբ մտավորականներ։ Հայտարարության տակ ստորագրել էին հետևյալ մտավորականները․

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր, ՀՀ ազգային հերոս

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ

Ռուբեն Մաթեւոսյան, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ

Հասմիկ Պապյան, օպերային մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ

Ռոբերտ Մլքեյան, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ

Ռուդոլֆ Խառատյան, բեմադրող ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ

Գեւորգ Հակոբյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Հովհաննես Այվազյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Սերգեյ Խաչատրյան, ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Հյուսնունց, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ

Հայկ Մելիքյան, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ

Հասմիկ Գրիգորյան, անվանի օպերային մեներգչուհի

Լիպարիտ Ավետիսյան, օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Արմինե Գրիգորյան, անվանի դաշնակահար

Տիգրան Ցիթողցյան, անվանի նկարիչ

Ռուբեն Մուրադյան, բալետային մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ

Կարեն Շահգալդյան, անվանի ջութակահար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Իսրայելում և Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել են հուլիսի 30-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պետությանը գույքային վնաս պատճառելու համար։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ նրանց գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասը կազմում է 966 միլիոն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս