«Հստակ է՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում, մեր խնդիրները մերն են, պետք է կարողանանք լուծել և պարտավոր ենք լինել արցախահայության կողքին». Առուշ Առուշանյան

Հուլիսի 26-ից 19 բեռնատարներ հումանիտար բեռով չեն կարողանում Հայաստանից Արցախ օգնություն հասցնել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, արդյունքում՝ 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, մատնված են սովի։ Այս պահին այդ բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում են։

Հուլիսի 28-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, նաև դիտարկում կատարելու՝ հումանիտար բեռների տեղափոխման հետ կապված։

Այնուհետև դիվանագետները Գորիսում փակ քննարկում էին ունեցել, որին մասնակցում էր նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

168.am Առուշ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն է ստացել օտարերկրյա դիվանագետների հետ փակ հանդիպումից, նրանց կողմից եղե՞լ է որևէ պատրաստակամություն, որ կաջակցեն, որպեսզի հումանիտար բեռը հասնի Արցախ։

Առուշ Առուշանյանն ասաց, որ հարցին ուղիղ կպատասխանի, քանի որ կարծում է, որ նման հանգիստ քննարկումներով խնդիրները չեն լուծվելու։

«Իմ մոտեցումը պարզ ու հստակ է, ոչ միայն իմ, կարծում եմ՝ ցանկացած ադեկվատ հայի մոտեցումն է այդպիսին։ Բայց մեկ ուրիշ արդար բան էլ կա, որը չեմ կարող չասել՝ այնպես չէ, որ եվրոպացիները պետք է գան, գնան կռվելու, իսկ մենք գնանք տներն ու պառկենք քնենք։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը, Եվրոպան կամ այլ երկիր մեր փոխարեն որևէ բան կանի, նորմալ չէ՝ մենք ոչ մի բան չանենք ու հույսներս դնենք այլոց վրա։ Մեր խնդիրները մերն են, մենք էլ պետք է կարողանանք լուծել և պարտավոր ենք լինել արցախահայության կողքին և խնդրին լուծում տալ»,- նշեց Առուշ Առուշանյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հանդիպումից այդպե՞ս է հասկացել, որ այս խնդրի լուծման հասցեատերը հայ ազգն է և այն սեփական ուժերով պետք է լուծի, Առուշ Առուշանյանը պատասխանեց՝ այնպես չէ, որ խնդրի հասցեատերը միայն հայությունն է՝ օտարերկրյա դիվանագետների մոտ կարծիքները միայն այդպիսին չեն եղել։

«Բայց նաև հստակ է, որ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում։ Եթե մեզանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ պետք է մեկ անգամ հույս դնել Եվրոպայի վրա, ապա չեմ կարծում, որ պատմության մեջ կա որևէ դրվագ, որ իրենք երբևէ մեզ օգնել են կամ փորձել են հայության կողքին լինել։

Նրանց համար կա հստակ մեկ բան՝ շահ, այն պետությունը, որն ունի ավելի մեծ ռեսուրս, փող կամ նավթ, հստակ է, որ նրանք այդ պետության կողմից են։ Կարծում եմ՝ մեր երկրում քիչ են այնպիսի անգրագետ մարդիկ, որոնք կարծում են, թե աշխարհում կա դեմոկրատիա, աշխարհում կան ընդամենը շահեր։

Փաստն այն է, որ մենք այսօր արձանագրում ենք՝ Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է և մատնված է սովի, բայց սա բոլորի համար այսօր մեկ է՝ յուրաքանչյուրն իր անձնական կյանքով է ապրում։

Այս ամենը հաշվի առնելով, պետք է հասկանանք, որ պետք է ուժեղ լինենք, հարցի շուրջ միասնական լինենք, և մեզանից շատերն էլ իրենց կյանքը տան։ Սա նորմալ է, սովորական է, պատերազմներ եղել են, կան ու լինելու են։ Երբ հասկանանք այս պարզ ճշմարտությունը, ըստ իս՝ մեր կյանքի որակն այսպիսին չի լինի»,- եզրափակեց Առուշ Առուշանյանը։

Տեսանյութեր

Լրահոս