Խաչատուրովի ազատ լինելը կարող էր խոչընդոտել միայն թշնամուն. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը համոզված է՝ Գրիգորի Խաչատուրովն այն եզակի զինվորականներից է, որ դառնալու է հայ գեներալի էտալոնային կերպար:

Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի հրավիրած մամուլի ասուլիսին անդրադառնալով Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի կալանավորմանը՝ հանրային գործիչը նշեց. «Նրա ազատության մեջ գտնվելն ո՞ւմ կամ ինչի՞ն կարող էր խանգարել։

Եթե այսպես տրամաբանենք, ապա Խաչատուրովի ազատ լինելը չէր կարող գործին խանգարել, որովհետև նա երբևէ չի խոչընդոտել որևէ գործընթացի։ Հետևաբար, մնում է մեկ այլ տրամաբանական եզրահանգում՝ Գրիգորի Խաչատուրովի ազատ լինելը կարող էր և կարող է խոչընդոտել միայն ու միայն թշնամուն, թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ինչո՞ւ է այս եզրահանգումը հիմնավորված, որովհետև գաղտնիք չէ, որ մեր հայրենիքի տարբեր հատվածներ այսօր շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիոն ծրագրերի թիրախում, և դրանց մեջ են «անկլավները», որոնք մեր հայրենիքի անբաժանելի մասերն են։

Ալիևի վերջին ելույթը նույնպես բացահայտ պահանջ էր, որ Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստակամ պետք է լինի վերադարձնել այդ, այսպես կոչված, անկլավները։ Իսկ այդ «անկլավ» կոչվածները, մեր հայրենիքի սրբազան հատվածները, միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը, դրանց ստրատեգիական և ռազմական նշանակությունը գիտի նա։

Կարդացեք նաև

Եվ հիմա, երբ միջազգային որևէ մեխանիզմ չի գործում, երբ անգամ Կարմիր խաչի բուժառուին ահաբեկչական երկիր Ադրբեջանն առևանգում է օրը ցերեկով, ավելի առաջնային պլան են գալիս անհատները, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում։ Այդ անհատներից է Գրիգորի Խաչատուրովը, որն «անկլավների» հանդեպ, ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններին կարող էր և կարող է դեմ կանգնել և՛ որպես գեներալ, և՛ որպես քաղաքացի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս