«Ձգտել «Յուքոմ»-ը հասցնել այն մակարդակին, որ դառնա ազգային օպերատոր». Ռալֆ Յիրիկյանը՝ ընկերության 5-ամյա հավակնոտ ռազմավարության մասին

«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման 100 օրը և ներկայացրեց ընկերության զարգացման ռազմավարությունն ու տեսլականը:

«Այս ռազմավարությունն այնքան հավակնոտ է, որ ուզում է ձգտել՝ «Յուքոմ»-ը հասցնել այն մակարդակին, որ դառնա ազգային օպերատոր՝ ոչ միայն մեր երկրում ապրող հայրենակիցների համար, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող:

Այս ռազմավարությունը, բացի մեր բաժանորդը, աշխատակազմը, ուշադրության կենտրոնում է պահում մեր հասարակությունը, մեր տնտեսությունը, և այս ամենն ամփոփվում է մեկ բառով՝ երկիրը կամ հայրենիքը,- նշեց ընկերության նորանշանակ տնօրենը՝ հավելելով նաև, որ ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում՝ ինչպես շարժական, այնպես էլ՝ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը,- Մեր աշխարհագրական ընդլայնումը ամբողջ Հայաստանում է լինելու. այլ մանրամասներ չեմ ուզում կիսել, քանի որ դա նշանակում է հեշտ ձևով տեղեկություն հատկացնել մեր հարգարժան մրցակիցներին, ինչը չեմ ուզում այս պահին:

Եվ միայն ցանցերի վերաբերյալ չէ, որ զինումը տեղի է ունենալու, այլ փոխելու ենք շատ հարթակների: Շուտով տեղյակ կպահենք կարևոր մի հարթակի վերաբերյալ, որը վերաբերում է հեռուստատեսային ծառայություններին, որը փոխում ենք. ամենանորարարն ու արդիականն է լինելու, որի շնորհիվ մեր բաժանորդները կստանան ամենավերջին տեսակի ծառայություններ: Եվ դրանից, կարծում եմ, պետք է գոհ լինեն, որովհետև սկսում ենք, ինչպես հավասարը հավասարին՝ ծառայություններ մատուցել այլ զարգացած երկրների հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների նման»:

Կարդացեք նաև

Ռալֆ Յիրիկյանը վստահ է՝ տեխնոլոգիական թարմացումների շնորհիվ, Ucom-ը կմնա նորարարությունների առաջնագծում, բայց վերափոխման գործընթացում բաժանորդներից ակնկալում է համբերատարություն և ըմբռնում՝ հարթակների և տեխնոլոգիական լուծումների փոխարինման և թարմացման ընթացքում ծառայությունների որակի ժամանակավոր անկման, կամ կապի հնարավոր ընդհատումների համար:

«Իրենց համբերությունն ու հասկանալը մեզ քաջալերում է, որ մեր գործն ավելի եռանդով անենք ու գնանք առաջ»,- նկատեց նա:

Ի դեպ, նոր գլխավոր տնօրենը նաև վերահաստատեց՝ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, ինչպես նաև՝ բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։

Ucom-ի ֆինանսական ցուցանիշների մասին. նոր տնօրենն ակնարկեց զարգացման խոստումնալից հեռանկար։

«Հակիրճ ասեմ այս տարվա կատարողականների մասին. ընկերությունը բավականին լավ վիճակում է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Այս տարվա կիսամյակի կատարողականը՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ՝ + 5 տոկոս է, ինչը շատ լավ է և նշանակում է, որ ընկերությունը սկսել է զարգանալ և ամուր կանգնել իր ոտքերի վրա»,- տեղեկացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Իսկ ընկերության ներքին անցուդարձի մասին իր դիտարկումներում՝ նա ընդգծեց Ucom աշխատակիցների կարևորությունը. նրանք առաջիկայում, առավել քան երբևէ, լինելու են ընկերության ուշադրության կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս