Ռուսաստանը մինչև ամառ Իրաքին կհատկացնի մարտական ուղղաթիռներ ու ՀՕՊ-ի մարտկոցներ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մինչև ամառվա սկիզբ Իրաքին մատակարարելու է ուղղաթիռներ ու հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարտկոցներ: Այս մասին հայտարարել է Իրաքի արտործնախարար Հոշիյար Զիբարին:
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանը սպառազինության մատակարարումը սկսելու է այն ժամանակ, երբ կլուծվի ֆինանսական հարցը. «Կարծում եմ, որ Իրաքին ռուսական սպառազինության մատակարարումը կսկսվի ամենաուշն ամռան սկզբին: Դեռ խոսք չի գնում ինքնաթիռների մատակարարման մասին:
Դրանք լինելու են որոշակի տիպի ուղղաթիռներ ու ՀՕՊ-ի մարտկոցներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու մեր պլաններին, ապա Իրաքն այդ հարցում որևէ խնդիր չունի ԱՄՆ-ի հետ: Պլանավորված է դրանց մատակարարումը սկսել 2014 թվականին»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրաքը սկսել է տենդագին սպառազինվել, ինչը դուր չի գալիս մի շարք հարցերում նրա հետ լուրջ տարաձայնություններ ունեցող Թուրքիային: