ԱԷՄԳ-ի նախկին ղեկավարը մշակել է Եգիպտոսը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու «ճանապարհային քարտեզ»
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեյը, ով հանդիսանում է Եգիպտոսի աշխարհիկ ընդդիմության կոորդինատոր, առաջարկել է երկիրը ներկայիս քաղաքական ճգնաժամից դուրս բերելու «ճանապարհային քարտեզ»:
Վերջինս բաղկացած է 5 կետից, որոնց կատարումն անհրաժեշտ է երկրի վերականգնման համար: Ֆարադեյը կարծում է, որ բարեփոխումների գործընթացը նախ պետք է սկսել նոր կառավարության ձևավորումից, որը կունենա ժողովրդի վստահությունը, կվերակագնի անվտանգության համակարգը և կփրկի տնտեսությունը.
«Բացի այդ, անհրաժեշտ է հասնել ազգային հաշտեցման, վերամշակել երկրի Սահմանադրությունը և խորհրդարանական ընտրությունների մասին օրենքը՝ պահպանելով հավասարության սկզբունքը: Եգիպտոսը գտնվում է աղետալի վիիճակում, պետականության հիմքերը խարխլվում են, աճում է բռնությունը, իսկ իշխանություններն ի վիճակի չեն ղեկավարել երկիրը: Այդպիսի պայմաններում անհրաժեշտ է արմատապես վերանայել երկրի զարգացման հանդեպ բոլոր մոտեցումները, քանի դեռ ուշ չէ»:
Նշվում է, որ երեկ Եգիպտոսի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Պորտ Սայիդ քաղաքում բախումներ են գրանցվել տեղաբնակների ու ոստիկանության միջև, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում նաև երկու ոստիկան և վիրավորվել է մոտ 420 մարդ: Բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ տեղի իշխանությունները որոշել են մահվան դատապարտվածներին տեղափոխել քաղաքից դուրս: Դրանից հետո տեղաբնակները հարձակվել էին ոստիկանների վրա:
Հիշեցնենք, որ Բարադեյն ԱԷՄԳ-ի ղեկավար է հանդիսացել 1997-2009 թվականներին: