Հայկական քիմերան՝ Ալիևի ոտքերի տակ

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում իշխանությունը այլասերվել ու դեֆորմացվել է ժողովրդավարության բազմաթիվ տարրական սկզբունքների խախտման պատճառով։ Երկրում փաստացի չեն գործում ժողովրդավարության հիմնասյուն համարվող իշխանության հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը։

Ազգային ժողովը՝ որպես խորհրդարանական երկրում առաջնային իշխանություն ունեցող մարմին, գործնականում վերածվել է գործադիր իշխանության խեղկատակի։

Իշխող խմբակցության գործառույթները հասցվել են կառավարության ներկայացրած օրինագծերը դակելուց ազատ ժամանակ ներքին հարցերում՝ ընդդիմությանը հայհոյախոսությամբ պատասխանելուն, արտաքին ուղղությամբ՝ ադրբեջանական թեզերը տարածելուն։ Լայն իմաստով, այլ գործառույթ խորհրդարանական մեծամասնությունը չունի, իսկ ընդդիմությունը՝ մի կողմից՝ փոքր ներկայացվածության, բայց նաև քաղաքական անտաղանդության ու մի շարք այլ պատճառներով, սահմանափակվում է հայհոյախոսությանը պատասխանելով ու իշխող ուժի պատգամավորների վիրավորանքները կուլ տալով։ Այսինքն՝ գործադիր իշխանության ամենաառաջնային հակակշիռը՝ խորհրդարանը, իրականում դադարել է իրականացնել հակակշռման ու փոխզսպման իր սահմանադրական առաքելությունը՝ նպաստելով իշխանության մոնոլիտի ամրացմանն ու այլասերմանը։ Արդյունքում՝ կրկին ժողովրդավարության հիմնարար պահանջ ու նորմ համարվող իշխանությունների տարանջատման սկզբունքն իշխանության երկու՝ գործադիր ու օրենսդիր ճյուղերի պարագայում փաստացի տապալվել է։

Որպես հետևանք՝ իշխանությունը վերածվել է այդ երկու ճյուղերի սիմբիոզի, որը հանդես է գալիս յուրատեսակ քիմերայի տեսքով, որում դիցաբանական հրեշավոր սատանայի առյուծի գլուխը ներկայանում է՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ այծի իրանը՝ խորհրդարանի տեսքով։ Հիմա իշխանությունը՝ Կարեն Անդրեասյանի ձեռամբ, զբաղված է դատական համակարգի վերջնական հնազանդեցմամբ, որի ավարտին քիմերայի հրեշավոր մարմինը կամբողջանա, և դատական իշխանությունը կկատարի իրեն հատկացված վիշապի պոչի դերը։ 

Կարդացեք նաև

Դատական համակարգում տեղի ունեցողի իրական նպատակը, այդպիսով, ոչ թե առանձին վերցրած դատավորների վերահսկողությունն է, այլ դրա միջոցով՝ համակարգի ամբողջական հպատակեցումը, ինչը կլուծի իշխանության երեք թևերի վերջնական տարրալուծման հակադեմոկրատական խնդիրը՝ այն վերածելով հրեշավոր միասնական օրգանիզմի։

Սակայն միայն դատական համակարգի կցումը գործադիրին չի լուծելու ավտորիտար, մոնոլիտ իշխանություն հաստատելու, այն ամբողջությամբ հակակշիռներից զրկելու խնդիրը։ Այդ ճանապարհին կա ևս մեկ, այս պահին՝ գուցե իշխանության համար ամենադժվար հաղթահարելի խոչընդոտ՝ ի դեմս չորրորդ իշխանության՝ մամուլի, որը, բոլոր թերություններով հանդերձ, շարունակում է կատարել իշխանությանն այս կամ այն չափով վերահսկելու, արատավոր երևույթները վեր հանելու, հակաօրինականությունները բացահայտելու իր գործառույթը։

Հատկապես խորհրդարանական ընդդիմության անարդյունավետության ու քաղաքացիական հասարակության փաստացի չգոյության պայմաններում, զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ), թերևս, ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում իշխանության համար։ Եվ ամենևին պատահական չէ, որ մինչ Կարեն Անդրեասյանը զբաղված է դատական իշխանության հնազանդեցմամբ, նրա ոչ միայն բիզնես գործընկերը նախաձեռնել է մամուլի դաշտը կարգավորելու, կանոնակարգելու ինչ-որ անհեթեթ գործընթաց, որի իրական նպատակը ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտումը, սահմանափակումը ու եթե հաջողվի՝ դադարեցումն է։

Այդ առումով, ներկայումս իշխանության առաջնային թիրախը հենց մամուլն է, որը խանգարում է հրեշավոր քիմերայի վերջնական հաստատման իդիլիային։

Ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խախտումն ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին դրսևորումներ։ Փաստացի ազատվելով իշխանության հակակշիռների ու զսպումների համակարգից, Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է նույն ժողովրդավարության մեկ այլ կենսական՝ վերահսկողության ու հաշվետվողականության պահանջը։ Նա իրեն այլևս հաշվետու չի զգում հասարակության առաջ, քանի որ գլխատել է իշխանության բոլոր այն մարմինները, որոնց միջոցով հանրությունը կարող է իրացնել իշխանության՝ իրեն հաշվետու լինելու իրավունքը։

Բայց այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը հաշվետու չէ որևէ մեկին ընդհանրապես։ Ի տարբերություն հայկական իշխանական ու քաղաքական համակարգի և հասարակության, Փաշինյանն իրեն հաշվետու է համարում․․. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ, ում պահանջատիրական ցանկացած հայտարարության հաշվետվողական կերպով, արդարանալու ցուցադրական նպատակադրմամբ արձագանքում է առաջին իսկ հնարավորության դեպքում։ Վերջին օրինակն Ալիևի՝ Արցախից հայկական զինված ուժերը վերջնականապես դուրս բերելու պահանջն էր, որի հնչեցումից ընդամենը մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը, դասը սերտած աշակերտի հանգույն, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղում հայկական բանակ գոյություն չունի։

Ընդհանրապես հաշվետվողականության սկզբունքը, ի թիվս այլ պարագաների, գործում է նաև այն դեպքում, երբ սուբյեկտը որոշակի պարտավորություններ է ունենում հաշվետվություն ընդունողի նկատմամբ։ Նորմալ, ժողովրդավարական իշխանության դեպքում հաշվետվություն ընդունողը հանրությունն է, ում առջև իշխանությունը պարտականություն ունի, քանի որ նրանից է ստացել վստահության քվեն։ Ահա այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի նախանձախնդիր հավետվողականությունն Ալիևի նկատմամբ տալիս է շատ հարցերի պատասխաններ։ Նաև այն հարցի պատասխանը, թե ո՞վ է ամենաշատը հավատացել «Ապագա կա» կարգախոսին և ամենագործուն միջոցները ձեռնարկել դրա հեղինակի՝ իշխանությունը պահպանելու հարցում։

Հայկական քիմերայի առանձնահատկությունն այն է, որ այն հրեշավոր դերակատարություն է կատարում երկրի ներսում՝ միևնույն ժամանակ խոնարհվելով Հայաստանի նկատմամբ արդեն արտաքին հրեշավոր ավերներ գործած Ալիևի առաջ։ Հնարավոր է՝ խոնարհումի պահերին առյուծի գլուխը վերածվում է նապաստակի, բայց դրանից քիմերայի ներքին հրեշավորությունը չի փոխվում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս