Բաժիններ՝

Հախվերդյանը եկել էր, որ ինչ անե՞ր. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքական գործընթացները ոչ մի կերպ չեն կարողանում ընթանալ առանց արվեստագետների միջամտության, և դա, իհարկե, ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը։ Երգիչ Ռուբեն Հախվերդյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է. «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»։

Ռուբեն Հախվերդյանը վերջին օրերի իր հայտարարություններում մի քանի անգամ թույլ տվեց բավական անզգույշ արտահայտություններ՝ կոռեկտության սահմաններից դուրս։ Նա Ազատության հրապարակի, Մատենադարանի և նման հարթակները, որպես կանոն, բաց չի թողնում և հաճախ հայտնվում է ոչ սթափ վիճակում այդպիսով ոչ թե օգնելով շարժմանը, այլ այն, մեղմ ասած, հարամելով։ Նախկինում աչքի ընկնելով իր դաշնակցական կողմնորոշմամբ, ապա ՀՅԴ-ից հիասթափվելով՝ դեռ 2008-ին Հախվերդյանը նման «տրյուկ» էր փորձել անել Մատենադարանի հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ հարբած ցանկացել էր բարձրանալ հարթակ, սակայն ոչ թե ելույթ ունենալու, այլ իր իսկ խոսքերով՝ զուգարան գնալու նպատակով։

Այս անգամ թեև զուգարանային կարիքներ հոգալու խնդիր չունեցավ, սակայն մեկ անզգույշ (կամ գուցե և՝ ոչ անզգույշ) արտահայտությամբ՝ Արցախը ադրբեջանական հեռավոր գավառ անվանելով, հանրահավաքի ողջ մասնակիցների, նաև լրատվամիջոցների և ֆեյսբուքյան հասարակության ուշադրությունը շեղեց իր վրա` կարծես թե երկրորդական պլան մղելով մնացած գործընթացները։ Մասնավորապես, որ երեկ Ազատության հրապարակ էր եկել սիրված դերասան Վարդան Պետրոսյանը։ Ընդ որում, Ֆրանսիայից եկել էր հատուկ այդ նպատակով։

Հարց է առաջանում նման հարթակներում մշտապես հայտնվող և անկայուն հայացքներ ունեցող արվեստագետն իրականում ի՞նչ նպատակ էր հետապնդում, և մի՞թե այս դեպքում գործ ունենք ընդդիմադիր հայացքներով, ժողովրդի հոգսերով մտահոգված մտավորականի հետ։ Չէ՞ որ նույն հարթակում ներկա էր ևս մեկ արվեստագետ՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի, որն աչքի ընկավ իր զուսպ, կոռեկտ և տեղին ելույթով, որով հստակ արտահայտում էր, թե ինչ է ուզում և ինչի համար է այդտեղ եկել։ Ու երբ համեմատում ենք, հասկանալի է դառնում, թե իրականում ով ինչ նպատակ կարող է հետապնդել:

Հ. Գ. Ավելի ուշ Հախվերդյանը tert.am-ին պարզաբանել է. «Ես ասում եմ Սովետի ժամանակ դա ինչ գավառ էր, ադրբեջանական գավառ չէ՞ր։ Ներկայում ոչ հայկական է, ոչ էլ ադրբեջանական։ Իսկ իմ ասածս էս ա, որ նրանք, Կևորկովի մոտ աշխատելով այդ հետամնաց գավառում, հետամնաց մարդիկ են, և չենք ուզում, որ նրանք կառավարեն մեզ։ Նրանք կայացել ու դաստիարակվել են ադրբեջանական գավառում, և չէր կարելի նրանց պաշտոններ տալ, որովհետև նրանք աշխատել են Կևորկովի մոտ, որը հայատյաց էր»։

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Սերժ Սարգսյանը եղել է ԼՂԻՄ կոմկուսի աոաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս