ՀԱԿ ակտիվիստը պատմում է, որ իրեն 11 ժամ ծեծել ու էլեկտրահարել են, ընդ որում քննչականի պետի մասնակցությամբ. Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը գրում է. «Գիշերը տեսանյութ տեսա, որ ՀԱԿ (նախկի՞ն) ակտիվիստի են ձերբակալել տարել քննչական, 2 օր չեն թողել, որ փաստաբան գնա մոտը։
Հետո նա դուրս է եկել, տեսանյութ նկարահանել, որում պատմում է, որ իրեն 11 ժամ ծեծել ու էլեկտրահարել են, ընդ որում քննչականի պետի մասնակցությամբ։(Հա, ճիշտ եք կարդում, նա մեղադրում է Արգիշտի Քյարամյանին, որ մարդը եկել է, ոտքերը բռնել է, որ իր վրա ջուր լցնեն ու տոկի տան)։
Շատ տեղերում տեսնում եմ մարդիկ հարցնում են. «Իսկ ի՞նչ է արել»։
Ես չգիտեմ, թե ինչ է արել կամ չի արել, բայց չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը։ Չի կարող լինել որևէ պատճառ, որն արդարացնի այդ խոշտանգումներին քննչականի պետի մասնակցելը։
Այդպիսի երևույթները նորմալ են միայն բռնապետություններում և օկուպացված տարածքներում։ Նորմալ, բայց ոչ օրինական կամ ընդունելի, էլի…»: