Գրաված տարածքները դարձրել են հայրենիք. Փաշինյան
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց անդրադառնալ բանակցային պատմության՝ «Ընդհանուր պետություն» փաթեթին՝ մանրամասնելով. «Ի՞նչ է այստեղ հետաքրքիր, որ ՀՀ-ն ու ԼՂ-ն համաձայնել էին այդ փաթեթն ընդունել որպես բանակցային հիմք՝ չնայած Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, և ԼՂ բնակիչներն էլ պետք է կրեին ադրբեջանական անձնագրեր՝ «Լեռնային Ղարաբաղ» նշումով:
Ադրբեջանը չհամաձայնեց այդ փաթեթն ընդունել բանակցությունների հիմք, որովհետև ԼՂ՝ բարձր ինքնավարության կարգավիճակը, որն առաջարկվում էր այդ փաթեթով, շատ բարձր էր թվացել Ադրբեջանին:
Այստեղ առանցքային նրբությունն այն է, որ 1998 թվականին ԼՂ շուրջ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկից փակ դռների հետևում սկսեց քննարկել ու ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք Լեռնային Ղարաբաղն աներկբա ճանաչում էին՝ որպես Ադրբեջանի մաս»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետական քարոզչության մակարդակում հակառակի մասին էր խոսվում, և հենց այս ընթացքում հեռուստաընկերությունները և Հանրային հեռուստաընկերությունը «Եղանակի տեսության» ժամանակ սկսել էին օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների միասնական քարտեզը, ինչպես նաև՝ ԼՂ հարակից շրջանների անվանափոխությունը:
«Ահա այսպես, «գրավված»` այս ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է, կամ՝ «օկուպացված»՝ ձևակերպումը Վարդան Օսկանյանին է, տարածքները դարձան ազատագրված, ազատագրված տարածքները դարձան հայրենիք, բայց այսպես էր միայն հեռուստացույցի էկրաններին»,- ամփոփեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք ՝ Փաշինյանն ԱԺ-ում է. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության անդամ պատգամավորներին զեկուցում է պատերազմում իրենց իշխանության պարտվելու պատճառների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում