Ադրբեջանցիները կհայտնվեն Երևանի մատույցներում, եթե այսպես շարունակվի. Միրզոյան
Ադրբեջանական ագրեսիան Արցախի և Հայաստանի ուղղությամբ կանխատեսելի էր, որովհետևակնհայտ է, որ Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նպատակներ՝ հայաթափված Արցախ և իր ազդեցության զրոյական մակարդակում գտնվող Հայաստան, ինչից հետո տարածաշրջանը կվերածվի ադրբեջանաթուրքական գոտու։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով վերջին տասնօրյակում ադրբեջանական ագրեսիայի՝ Արցախի և Հայաստանի ուղղությամբ հնչող կրակոցների պատճառների մասին, նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ ընդգծելով.
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը շահագրգիռ է որևէ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ. իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանն ունի այլ ուղիներ, որոնք այս օրերին վարպետորեն օգտագործում է, դրանք են՝ ուժային ճնշումներն ու պատերազմի սպառնալիքը՝ որպես լուծման միջոց: Ի դեպ, դրանք Ադրբեջանը կիրառում է՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի դեմ»,-ասաց Միրզոյանը։
Ըստ նրա՝ ի հեճուկս Ադրբեջանի պլանավորած գործողությունների, Հայաստանի իշխանությունը քայլեր է անում ընդդեմ Արցախի, Հայաստանի և ավելի վտանգավոր դարձնում վիճակը։
«Քայլեր են անում, որոնք առհասարակ վտանգում են Հայաստանի գոյությունը»,– ասաց Արցախի նախկին արտգործնախարարը՝ շեշտելով, որ այս ընթացքում Հայաստանի իշխանությունը զբաղված է զազրախոսությամբ: Փաստ է, որ Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրից օկուպացված են տարածքներ, իսկ Հայաստանի այս իշխանությունը չի անում գոնե բավարար քայլեր՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար։
«Չեմ տեսնում քաղաքական կամք՝ Հայաստանի անվտանգության մինիմումն ապահովելու համար. այն, ինչ տեսնում եմ, իմիտացիա է. օրինակ՝ կարո՞ղ եք ասել, թե երբ են Հայաստանում զորավարժություններ անցկացվել, եթե չեն անցկացվել, ինչպե՞ս է հնարավոր խոսել անվտանգության մասին։ Էսպես շարունակելու դեպքում ադրբեջանցիները կհայտնվեն Երևանի մատույցներում»,-ասաց Կարեն Միրզոյանը։
Նրա փոխանցմամբ, թեև կան նման անվտանգային խնդիրներ և պետականության պահպանման խնդիր, հայ հասարակությունն իրականում տեղյակ չէ, թե իրականում ինչի՞ շուրջ են գնում բանակցությունները։
«Կա դիվանագիտական հսկայական գործունեություն, որի մասին հանրությունը տեղյակ չէ.Ավելին, իմ գնահատմամբ՝ իշխանության մի մեծ հատված ևս տեղյակ չէ դրանից. բանակցային գործընթացը հայտնվել է մի քանի անհատի ձեռքում»,-ասաց Միրզոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։