«Թուրքիայի պահանջը Հայաստանի չլինելն է. իշխանությունը հերթական պարտությունն է ցանկանում բերել». Թևան Պողոսյան

«Պարտված իշխանությունը հերթական պարտությունն է ցանկանում բերել, և ինչքան դրա դեմ խոսողներ, պարզաբանողներ, իրազեկողներ լինեն, նրանց հանդեպ լինելու են ճնշումներ: Արմեն Աշոտյանի ձայնը, երևի, ավելի զրնգուն էր, քան մյուսներինը, դրա համար այս գործողությունը եղավ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ նոր պարտություն ասելով, ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, նա պատասխանեց. «Ցանկացած բան, ասենք՝ այն խոսքը, որը Բորելն է ասել, թե ով է Հայաստանի առաջին ղեկավարը, որը ճանաչել է Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Դա օրենքի խախտում է, չէ՞: Այո, միգուցե բացթողում է եղել, որ ժամանակին չեն քրեականացվել, բայց այնուամենայնիվ մեր օրենսդրական դաշտի անբաժանելի մասնիկն են մեր Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ԳԽ որոշումը, որ Հայաստանի որևէ ղեկավար իրավունք չունի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել: Բորելն ասում է, որ կա մեկը, որն արել է: Թուրքիան ասում է՝ Հայաստանն ի՞նչ կապ ունի «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, մինչ օրս դա կյանքի չի կոչվել Իրանի  պատճառով: Ադրբեջանն իր դրոշակներն է առաջ տանում, հրաժարվեց վաշինգտոնյան հանդիպումից, Երասխում կրակում են»:

Անդրադառնալով ԱՄՆ աջակցությանը Բաքվին, նա նշեց, որ աշխարհում կա Ռուսաստան-Արևմուտք առճակատում, իսկ Արցախն առիթ է.

«Երբ կա առճակատում, այլ երկրները դառնում են ֆիզիկական տարածք, որտեղ այդ առճակատումները տեղի են ունենում: Այդպիսի առճակատումներ էին Սիրիայում, Ուկրաինայում: Մեր տարածաշրջանում որտե՞ղ իրար հետ առճակատեն: Վրաստանը ոնց որ թե դիմադրում է, թույլ չի տալիս, պատրաստ է սանկցիաների տակ ընկնել, բայց Ռուսաստանի համար երկրորդ ֆրոնտ չբացել: Միակ տարածքը մնում է Արցախը, որտեղ այդ առճակատման վրա կարող են սրացումներ անել: Մի կողմից ասում են՝ վա՜յ, Ադրբեջանն այսպես, մարդու իրավունքներ և այլն, մյուս կողմից՝ կա Հաագայի դատարանի որոշում, դրան չեն օգնում, երբ կա հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն, դա չեն անում, երբ գալիս են պատժամիջոցների հարցերը, երբ բոլորը շատ լավ գիտեն՝ ով է առաջ եկել, ով է կրակել, ով է մարդասպանություններ արել և այլն, ասում են՝ պետք չեն պատժամիջոցներ: ԱՄՆ-ը շատ ճիշտ թիրախային տեղին է խփել, որ Ռուսաստանը Զախարովայի միջոցով արձագանքում է: Այլ խնդիր է, որ մենք դրանից մեծ ցավ ենք ապրում, բայց մեզանով որևէ մեկը էլ չի հետաքրքրվում: Մեղքը մերն է, որ այնպիսի իշխանություններ ենք ձևավորել, որ այս վիճակին են հասցրել, երբ այլևս դու դարձել ես այն երևույթը, ում հաշվին բոլորն իրենց շահերը փորձում են բավարարել»:

Կարդացեք նաև

Թևան Պողոսյանը խոսեց նաև ՀՀ զինանշանն ու օրհներգը փոխելու՝ Փաշինյանի մտորումների մասին. «Բորելը բացահայտ ասում է՝ ով է առաջինը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ իշխանությունները կարող են հանգիստ ասել, որ նախկինների քաղաքականությունն է այդպիսին եղել, հանրությունն էլ հանգիստ կընդունի: Ես չգիտեմ՝ իշխանություններն էլ ի՞նչ պետք է անեն, որ մարդիկ արթնանան և ասեն՝ էս ի՞նչ եք անում: Լավ կլինի, որ գիտակցված, ինքնակամ հեռանան, դա փրկություն է լինելու, բայց չեն ուզում դա անել, ուզում են իշխանությունը պահել, քաղցր է իշխանությունը: Այստեղ այլ խնդիր է գալիս՝ 1991թ. զինանշանի վերաբերյալ այն ժամանակվա որոշում կայացնողներից քանի՞սն են արտահայտվել, իրենց որոշումն է, չէ՞, եղել, Գերագույն խորհուրդն այդ զինանշանն ու օրհներգը դրել է, հիմք է դրել, դրա վրա էլ օրենք են գրել, որ ամսի 15-ը պետք է լինի մեր սիմվոլների օրը: Ես, օրինակ, սպասում եմ հիմնադիր նախագահի խոսքին, տեսնեմ՝ ինքն ի՞նչ է ասում առյուծների և մնացածի մասին»:

Հարցին՝ սա Թուրքիայի պահա՞նջն է, նա պատասխանեց. «Արդեն անհասկանալի է իմ համար՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը չլինի: Եթե մեկին թվում է, թե Թուրքիան միայն պահանջել է, որ զինանշանի վրայից Արարատը հեռացնենք, ոչ: Թուրքիայի իրական պահանջը Հայաստանի չլինելն է: Ես չգիտեմ՝ իրենից պահանջե՞լ են, որ Արարատը հեռացնի զինանշանի վրայից, թե՞ ինքն է փորձում դա անել, հետո ասել՝ տեսեք, ձեր համար մի լավ բան արեցի»:

Դիտարկմանը՝ Էրդողանի երդմնակալության արարողությանն էլ մասնակցեց Փաշինյանը, իսկ դրանից հետո Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանը կողմ է «Զանգեզուրի միջանցք»-ին, Իրանն է խանգարում, նա արձագանքեց. «Թուրքիան շարունակական սպասարկում է իր սեփական շահերը, Հայաստանի գործող իշխանություններն ինչ անում են՝ սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Ինչ ուզում են արած լինեն, դա է ստացվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս